Հայաստան

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

2 րոպեի ընթերցում

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուն հոկտեմբերի 14-17-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջնորդների գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից։

Որպես ՄԱԶԾ-ի երկրորդ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող ղեկավար՝ Հաոլիանգ Սյուն կմիանա համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և զարգացման գործընկերներին՝ խթանելու կենսաբազմազանության պահպանությանը, կայուն զարգացմանը և բնության դրական արդյունքներին միտված զարգացման ֆինանսավորմանն ուղղված միջազգային համագործակցությունը։

Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի հետ։

Նա նաև կհանդիպի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և կայցելի ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող էներգաարդյունավետության ծրագիր, որը ներկայացնում է տեղական մակարդակում կայուն զարգացման լուծումներ։

«ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալը կմասնակցի COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին և ակնկալվում է, որ իր ներդրումը կունենա «Քաղաքական հրամայականը. բնության պաշտպանությունը հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում