Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք
2 րոպեի ընթերցում
Համայնքային ոստիկանության ծառայողներն Արագած և Դարբնիկ գյուղերում իրականացրած միջոցառումների ընթացքում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ, ինչպես նաև վաճառքի համար նախատեսված դիզվառելիք։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը, սեպտեմբերի 28-ին Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում չմակնշված ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում դիզվառելիքի վաճառքով։
Նշված հասցե մեկնած ոստիկանները տան բակի տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։ 30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ տանն ու կից շինություններում կան վաճառքի համար նախատեսված չմակնշված ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և, ըստ ոստիկանության, 7 շիշ կեղծ օղի։ Կատարվում է նախաքննություն։
Նույն օրը Մասիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։ Խանութ մեկնած ոստիկանները տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։
Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է»,– նշված է հաղորդագրությունում։