Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին
4 րոպեի ընթերցում
Շաքի ադրբեջանցի զինծառայողի ներխուժումը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Radio France International-ին տված հարցազրույցում։
«Վերջին 30 տարվա ընթացքում տասնյակ դեպքեր են եղել, երբ երկու կողմից զինվորներ ուղղակի մոլորվել են մառախուղի, նաև այլ պատճառներով՝ հատելով Հայաստանի կամ Ադրբեջանի սահմանը։ Այս դեպքը չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Որովհետև նախ՝ Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ իրենց մոտից զինծառայող է ինքնակամ լքել ծառայության վայրը և իրենք փնտրում են ու չեն կարողանում հայտնաբերել նրան՝ դրանից ելնելով հավանականություն կա, որ վերջինս կարող է անցած լինել Հայաստանի տարածք։ Այս պահին քննությամբ առկա տվյալներով՝ զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, մուտք գործել ինչ-որ տուն, այնտեղ գիշերել, հետո եղել է այդ միջադեպը։ Սա սովորական կրիմինալ իրավիճակ է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ ավելի քանի երկու տարի Հայաստան-Ադրբեջան սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Վարչապետը նաև հավելել է, որ 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է առաջին երկկողմ, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որը վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Այդ փաստաթուղթը հավաստում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում Ալմա Աթայի հռչակագիրը լինելու է երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք։
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։ Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ։Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։