2 րոպեի ընթերցում
Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել անվանի կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են մշակույթի գործիչներ, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, կոմպոզիտորի հարազատները, արվեստասեր սևանցիներ։
Ներկաներն իրենց երախտագիտության խոսքն ուղղել են հարթաքանդակի հեղինակ Արտաշես Սարգսյանին, ինչպես նաև նախաձեռնության իրականացմանն աջակցած անձանց և այն կյանքի կոչած կոմպոզիտորի կնոջը՝ Կարինե Սարգսյանին, և որդուն՝ Դավիթ Սարգսյանին։
«Վալերի Սարգսյանը շուրջ 20 տարի ղեկավարել է Սևանի երաժշտական դպրոցը։ 2015 թվականին Սևան համայնքի ավագանու որոշմամբ դպրոցը կոչվել է նրա անունով՝ արժևորելով նրա մեծ ներդրումը համայնքի երաժշտական կյանքի և երիտասարդ սերնդի կրթության գործում։
Այսուհետ երաժշտական դպրոցի մուտքը կզարդարի մեծանուն կոմպոզիտորի հարթաքանդակը՝ ամեն օր հիշեցնելով նրա անցած ստեղծագործական ուղու, մանկավարժական վաստակի և սերունդներին թողած անգնահատելի ժառանգության մասին։
Հարթաքանդակի բացումը հարգանքի տուրք էր վաստակաշատ արվեստագետի հիշատակին՝ խորհրդանշելով նրա հարուստ երաժշտական ժառանգության փոխանցումը գալիք սերունդներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։