2 րոպեի ընթերցում
Ամերիկայի երկրներում կարմրուկի շուրջ 55 800 դեպք է հայտնաբերվել 2026 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Դա 4,8 անգամ ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը, որը կատարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային բյուրոյի գործառույթները։
Ինչպես նշվում է ReliefWeb հարթակում հրապարակված տեղեկագրում, 2026 թվականի առաջին համաճարակաբանական շաբաթից մինչև 39-րդ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է հոկտեմբերի 3-ին, Ամերիկայի երկրների տարածաշրջանի 17 երկրում և տարածքում գրանցվել է կարմրուկի 55 792 հաստատված դեպք, ինչը 4,8 անգամ գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ընդ որում, ընթացիկ տարվա 37-րդ և 38-րդ համաճարակաբանական շաբաթների ընթացքում՝ սեպտեմբերի 13–26-ը, արձանագրված 687 նոր դեպքերից 293-ը բաժին է ընկել Միացյալ Նահանգներին։ Նրան հաջորդում են Գվատեմալան (200), Պերուն (155), Մեքսիկան (34) և Բոլիվիան (3), իսկ Կանադան և Բրազիլիան հայտնել են յուրաքանչյուրը մեկական դեպքի մասին։
2026 թվականին կարմրուկից ամենաշատը տուժել է Գվատեմալան՝ 34 355 հիվանացած։ Այնուհետև գալիս են Մեքսիկան (13 595), ԱՄՆ-ն (3887), Պերուն (2553) և Կանադան (1121)։ Այս հինգ երկրներին է բաժին ընկնում կարմրուկի հաստատված բոլոր դեպքերի 99,5%-ը։ Տարեսկզբից ի վեր Ամերիկյան տարածաշրջանում գրանցվել է մահվան 77 դեպք, այդ թվում՝ 50-ը Գվատեմալայում, 23-ը՝ Մեքսիկայում, երկուսը՝ Միացյալ Նահանգներում, մեկական՝ Պերուում և Բոլիվիայում։
Կարմրուկն ամենավարակիչ վիրուսային հիվանդություններից մեկն է։ Այն համարվում է մանկական հիվանդություն, սակայն դրանով կարող են վարակվել նաև մեծահասակները։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկը վտանգավոր է այնպիսի բարդություններով, ինչպիսիք են օտիտը, մենինգիտը և էնցեֆալիտը: