Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

5 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից, սակայն Մեծ Բրիտանիան պնդում է, որ հյուպատոսության շենքը չի փակվելու և հինգշաբթի օրվանից գործելու է որպես «Մեծ Բրիտանիայի առաքելություն»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը սոցցանցում գրել է, որ Իսրայելից հեռանալու են բրիտանացի 20 դիվանագետ և գլխավոր հյուպատոսը։ Միաժամանակ, շենքում կարող է մնալ յոթ դիվանագետից բաղկացած խումբ, որը կաշխատի «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

«Մենք չէինք ցանկանում, որ իրավիճակը հասներ դրան»,- գրել է Սաարը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով որոշ աշխատակիցներ ժամանակավորապես հետ են կանչվել, սակայն ընդգծել է, որ առաքելությունը շարունակելու է աշխատել «պաղեստինցի ժողովրդի հետ»։

Իսրայելը սեպտեմբերին հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը փակելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ սահմանած պատժամիջոցների։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակավայրերն անօրինական են համարվում։

Մինչև սահմանված ժամկետի լրանալը Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին փորձերն էր անում համոզելու Իսրայելին չփակել հյուպատոսությունը։ Իսրայելի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուպատոսությունը կփակվի բրիտանական պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում։

Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը հիմնադրվել է 1838 թվականին և զբաղվում է Մեծ Բրիտանիայի հարաբերություններով Երուսաղեմի, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների հետ։

Այն առանձին է Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, որն Իսրայելի հետ հիմնական դիվանագիտական ներկայացուցչությունն է։

Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կյանքի է կոչել սեպտեմբերի 8-ին հայտարարված միջոցառումները՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։

«Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունն այսօր դադարեցնում է իր գործունեությունը։ Դրան համապատասխան՝ հանվել է Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը»,- գրել է նա։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան շենքի մոտ դեռևս տեսանելի էր Մեծ Բրիտանիայի դրոշը, իսկ մի քանի աշխատակիցներ մտել են շենք։

Սաարն ընդունել է, որ շենքը «Բրիտանիայի կառավարության սեփականությունն է», և Իսրայելը թույլատրել է այնտեղ աշխատել յոթ դիվանագետից բաղկացած խմբի՝ «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

Սաարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում «Իսրայելի դեմ որևէ քայլ չի ձեռնարկվի»։

Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է արտաքսել Լոնդոնում Իսրայելի դիվանագետներին, ինչը կարող էր էլ ավելի վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։

Միլիբենդը հոկտեմբերի 8-ի առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան չի ընդունում Իսրայելի՝ իր հյուպատոսությունը փակելու իրավունքը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերահաստատում է իր վաղեմի դիրքորոշումը, ըստ որի՝ Արևելյան Երուսաղեմը օկուպացված տարածք է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարության հետ քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շենքը «չի փակվի» և կգործի «Երուսաղեմի Մեծ Բրիտանիայի առաքելություն» անվամբ։

Միևնույն ժամանակ, Միլիբենդը նշել է, որ անձնակազմի և շենքի անվտանգության համար անհրաժեշտ երաշխիքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Հետևաբար, մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով մենք ժամանակավորապես հետ ենք կանչել մի շարք աշխատակիցների և ընտանիքների»,- նշել է նա։

Հայերեն Русский

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

ՀՀ ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

«Զրո քլիք» կամ անտեսանելի ընթերցող․ ինչ է փոխում AI-ը մեդիայի համար

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 915 մլն դրամ

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին