Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ
1 րոպեի ընթերցում
Իրանը և Օմանը մտադիր են մոտ ժամանակներս միջազգային կառույցին տեղեկացնել այն համաձայնագրի մասին, որը երկու երկրների միջև ձեռք է բերվել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ միջանցքների հարցի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրավասու միջազգային կառույցը շուտով կտեղեկացվի Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնության մասին», - նշել է Բաղային, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։
«Թեհրանի և Մասկատի միջև խորհրդակցություններն անցել են հաջող, կողմերը համաձայնության են եկել անվտանգ միջանցքների աշխարհագրական կոորդինատների շուրջ», - հաստատել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա պնդմամբ՝ Իրանը և Օմանը «փոխըմբռնման են հասել այս հարցի վերաբերյալ իրավասու միջազգային կառույցին տեղեկացնելու կարգի շուրջ, և համապատասխան քայլը կարվի մոտ ժամանակներս»: