ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, մագիստրոսական ծրագրի ղեկավար Նիկիտա Մալյուտինը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԻՊ առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների շրջանակը, համագործակցությունը պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ։
Դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց խախտումների դեպքերում, ինչպես նաև իրավունքների խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության միջոցով։
Վլադիմիր Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ ՄԻՊ հաստատությունների գործունեության համար առկա են հստակ միջազգային չափորոշիչներ, և դրանց խախտումները կարող են հանգեցնել տարատեսակ հետևանքների։
Ուսանողները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների, աշխատանքային իրավունքի, Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգերի, երեխաների իրավունքների պաշտպանության, բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Վլադիմիր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ քննարկման համար՝ ընդգծելով, որ ՄԻՊ հաստատությունը կարևորում է նման ձևաչափով հանդիպումները։
Նիկիտա Մալյուտինն իր հերթին ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել ՄԻՊ հաստատությանը՝ ի դեմս Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, ինչպես նաև դեպարտամենտի ղեկավարին՝ նման հանդիպման հնարավորության և բովանդակալի քննարկման համար։