Հայաստան

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության, օրենքի և իրավունքի պաշտպանությունը․վարչապետը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

8 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության, օրենքի և իրավունքի պաշտպանությունը․վարչապետը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանն մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի խոսքում՝ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտմանը վերաբերող հատվածին՝ վարչապետն ընդգծել է՝ դա վկայում է Քննչական կոմիտեի աշխատանքի նոր որակի և հետևողականության մասին.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Քննչական կոմիտեի այն աշխատակիցներին, քննիչներին, ովքեր մասնակցել են գործին, պարոն Պողոսյան նաև Ձեզ»:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ այս ընթացքում նաև Վահրամ Խորխորունու և մի շարք գործերի սպանության հետ կապված բացահայտումներ են եղել, ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բացահայտումներն ավելի են դյուրացնում, սակայն վերոնշյալ դեպքերում արձանագրումը Քննչական կոմիտեի աշխատանքի շարունակական զարգացումն է.

«Շնորհակալ եմ նաև, որ նկատում եք՝ Կառավարությունը ջանք չի խնայում։ Իսկապես, ես չեմ հիշում՝ Քննչական կոմիտեն ի՞նչ խնդիր է բարձրացրել Կառավարության առաջ, որ այդ խնդիրը չի լուծվել»։

Երկրի ղեկավարի խոսքով այս բացահայտումները նպաստում են նաև քաղաքացիների շրջանում արդար երկրում ապրելու զգացողության ձևավորմանը.

«Արմատական խնդիրն այստեղ ոչ միայն կոնկրետ գործերն են, այլև հանրային վստահությունը պետական ինստիտուտների և պետության նկատմամբ։ Այսօր էլ, երեկ էլ մարդիկ ամենամեծ խնդիրը, որ տեսնում են և ամենամեծ պահանջը, ակնկալիքը, որ ունեն, արդարությունն է: Իսկ ինչպե՞ս մենք հասնենք մի զգացման, որ քաղաքացիներն արձանագրեն, որ իրենք ապրում են արդար երկրում և արդար միջավայրում։ Սա, իմիջիայլոց, պարզ խնդիր չէ, որովհետև այդտեղ չկան պարզ բանաձևային լուծումներ, սա խորը սոցիալ-հոգեբանական, փիլիսոփայական, բայց նաև շատ կոնկրետ գործառնական խնդիր է, և այդ խնդրի մի առնվազն զգալի հատվածը հենց քրեական գործերի քննության համատեքստում է դիտարկվում։ Հույս ունեմ, որ իսկապես այն, ինչ ասում եք, պարոն Պողոսյան, ոչ թե նշանակում է, որ ևս մի գործ կամ երկու կամ չորս բացահայտեցինք, այլ բոլորովին ուրիշ փուլ մտանք, և նախկինում մեր ունեցած խնդիրներն այլևս չեն կրկնվում»:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ թե՛ Կառավարության, թե՛ նախարարությունների, թե՛ Քննչական կոմիտեի աշխատանքը երբեք անթերի չի լինելու, սակայն, նրա խոսքով, խնդիրն անթերիության մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, թե ինչքանով ենք միտված արդարությանը։

«Մենք՝ որպես պետություն, պետք է առանձնահատուկ խնամք տանենք այն մարդկանց իրավունքների նկատմամբ, ովքեր սահմանափակումներ ունեն իրենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսակետից»,- ասել է վարչապետը և հավելել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության պաշտպանությունը, օրենքի պաշտպանությունը, իրավունքի պաշտպանությունը:

Այս համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի առաջ այս առումով պատասխանատվությունը մեծ է և գնալով մեծանալու է, քանի որ մարդկանց շրջանում մեծանում է ակնկալիքի ալիքը, և 10, 15, 20 տարվա դեպքերը, որոնք մարդկանց կարծիքով անարդար ձևով չեն բացահայտվել, սկսվում է ակտիվ ակնկալիքներ ձևավորել, որ դա տեղի կունենա։

Վարչապետն իր խոսքում նաև հետևյալ արձանագրումներն է արել.

«Կան իսկապես դեպքեր, որ իրենք իրենցով մտնում են փակուղի և հնարավոր չի լինում բացահայտել։ Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա։ Այստեղ է, որ մենք պետք է հոգ տանենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, հնարավորությունները ներդրվեն, այդ թվում՝ Քննչական կոմիտեի աշխատանքում։ Համենայնդեպս՝ ես կարծում եմ և հույս ունեմ՝ տեսանելի է, որ Կառավարությունը և անձամբ ես շատ ենք  գնահատում այն աշխատանքը, որն արվում է, և փորձում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի Քննչական կոմիտեն բնականոն կերպով զարգանա, որովհետև սրանից է կախված Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետությունը։

Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի քննիչները, Քննչական կոմիտեի աշխատողները սոցիալական երաշխիքների հնարավորինս հուսալի համակարգ ունենան։ Եվ, իհարկե, մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք: Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ այս երկու գործընթացները շատ փոխկապակցված են իրար հետ, որովհետև մեծ հաշվով Քննչական կոմիտեի աշխատանքից է կախված նաև, թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության և պետական բյուջեի հնարավորությունները, որովհետև ոչ միայն կոնկրետ քրեական գործերով վնասի վերականգնման ուղղությունը նկատի ունեմ, այլև տնտեսական գործունեության համար շատ կարևոր է, որ պոտենցիալ ներդրողներն իմանան՝ խնդիր լինելու դեպքում իրենք կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել, կկարողանան հավասար մրցակցության պայմաններում աշխատել իրենց մյուս մրցակիցների հետ: Իհարկե, սա թեմա է, որը բնականաբար միայն Քննչական կոմիտեին չի առնչվում, այլ մի շարք պետական գերատեսչությունների, բայց ուզում եմ այս պրոցեսների փոխկապակցվածությունն արձանագրենք և կարողանանք ամեն օր մեր աշխատանքում չմոռանալ, թե ինչ խնդիր ենք լուծում: Մենք, բոլորս, իմ կարծիքով, լուծում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու մտքում Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը՝ որպես սոցիալ հոգեբանություն ձևավորելու խնդիրը, որ մարդը մտածի, որ ապրում է արդար երկրում, մարդը մտածի, որ գնալով ավելի ու ավելի քիչ են դառնում հնարավորությունները, որ ինքը կդառնա անարդարության զոհ»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է.

«Պետք է արձանագրել, որ քրեական գործերի վիճակագրության ընթացքը, որը ներկայացվում է, ի վերջո, նաև սրա մասին է վկայում, որ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին։ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ, երբեմն դա նշանակում է վստահության մեծացում, երբ մարդիկ ավելի մեծ վստահությամբ կարող են դիմել իրավապահ մարմիններին և մասնավորապես՝ Քննչական կոմիտեին»։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով՝ վարչապետը հաջողություն է մաղթել նրանց Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու պետական, բարոյական և մարդկային շատ կարևոր առաքելությունն ավելի ու ավելի բարձր որակով իրականացնելու ճանապարհին։

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով մի շարք ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալներով, ՀՀ վարչապետի շնորհակալագրերով և արժեքավոր նվերով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում