Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

1 րոպեի ընթերցում

Իրանը գտնվում է լիամասշտաբ պատերազմի վիճակում և այդ պայմաններում բանակցություններ է վարում՝ իրանցի ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք լիամասշտաբ պատերազմ ենք մղում, և այդ պայմաններում կառավարությունն իրականացնում է դիմադրության ռազմավարություն՝ միաժամանակ շարունակելով բանակցություններն իրանցի ժողովրդի իրավունքների պաշտպանության շուրջ», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։

Նախագահը հավելել է, որ Իրանի իշխանությունները «չեն կարող թույլ տալ, որ ներկայիս դժվարությունները վնաս հասցնեն քաղաքացիների բարեկեցությանը կամ արտադրական գործընթացին»։

Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանը երկխոսություն է վարում հարևան երկրների հետ՝ «Իսլամական Հանրապետության կարիքների մի մասի բավարարման համար»։ Սակայն, Իրանի նախագահի համոզմամբ, «հիմնարար սկզբունքը մնում է սեփական ուժերին ապավինելը»:

Հայերեն Русский