Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

1 րոպեի ընթերցում

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այցը կազմակերպվել է «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում, որի նպատակներից է խթանել ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցությունը։

«Այցը ոչ միայն ճանաչողական էր, այլ նաև երաժշտական. դպրոցի սաները, դասատուները շրջեցին երաժշտական դպրոցի նորակառույց շենքում, ծանոթացան առկա հնարավորություններին, գործող դասարաններին, ապա ներկայացան համերգային ծրագրով:

Համերգային ծրագիրը բազմաբովանդակ էր, հագեցած, կատարումներն աչքի էին ընկնում կատարողական բարձր արվեստով: Պատանի երաժիշտների կատարումներն արժանացան բարձր գնահատականի և դրվատանքի»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն