3 րոպեի ընթերցում
Սևան քաղաքում 2025 թվականի հուլիսի 26-ից ներդրվել է թափոնների տեսակավորման նոր համակարգ, որի արդյունքում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մեկ տարուց ավելի Սևան քաղաքի առանձնատներում, հասարակական նշանակության շենք-շինությունների հարակից տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում և փողոցներում թափոնամանները տարբերվում են իրենց գույնով և նշանակությամբ, իսկ սևանցիները քայլ առ քայլ դառնում են նոր մշակույթի կրողներ:
Վերջին ամիսներին իրականացված ուսումնասիրությունների, հանդիպումների արդյունքում Վարսեր բնակավայրի բնակիչներին տրամադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Ծրագրում շուտով կընդգրկվեն համայնքի մյուս բնակավայրերը ևս:
Թափոնամանները տրամադրելիս բնակիչների հետ կքնվում են պայմանագրեր, ինչպես նաև տեղում իրականացվում է իրազեկում:
Տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր է տեղափոխվում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը: ՍՊԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը սանիտարական աղբավայր է տեղափոխվել 400 կգ ապակի, 10360կգ ստվարաթուղթ և թուղթ, 600 կգ մետաղ, 50 կգ պոլիէթիլենային տոպրակ, 1800 կգ պլաստիկ:
2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը Սևան քաղաքից տեղափոխված տեսակավորված թափոնների պատկերն այսպիսին է՝ ստվարաթուղթ՝ 43513.5 կգ, ապակյա տարա՝ 2530 կգ, պլաստմասե շիշ՝ 3192.5 կգ, խցան՝ 269.5 կգ, պլաստմաս՝1286 կգ, պլաստմասե արկղ՝ 703 կգ, ցելոֆան՝ 1016 կգ, սև մետաղ՝ 565.5 կգ, թիթեղյա տարա՝ 123.5 կգ:
Սևանում աղբի տեսակավորման համակարգը ներդրվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: