ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

4 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած՝ «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը։ Այն ՄԻԽ-ում ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության տարածած հաղորդագրությունից, բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների համատեքստում թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև դրանց հետ կապված մարտահրավերներին։ Համադրելով երեք առանցքային ուղղություն՝ տեխնոլոգիաների հասանելիությունը, դրանց զարգացման և կառավարման գործընթացներում կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունն ու տեխնոլոգիաներից բխող ռիսկերից պաշտպանությունը` բանաձևը նպատակաուղղված է անդրադառնալու գենդերային թվային խզումներին, այդ թվում՝ տեխնոլոգիական հմտությունների բացերին, խթանելու կանանց և աղջիկների մասնակցությունը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կառավարման գործընթացներում, ինչպես նաև արձագանքելու ի հայտ եկող ռիսկերին, այդ թվում՝ խտրականության և ալգորիթմային կողմնակալության ու տվյալների ներկայացուցչականության հետ կապված խնդիրներին։

Բանաձևի առանցքային բաղադրիչներից է միջազգային համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների անդրսահմանային բնույթը և դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: Բանաձևով խրախուսվում են գիտելիքների և փորձի փոխանակումը, կարողությունների զարգացումը, ինչպես նաև առկա և ի հայտ եկող մարտահրավերներին համատեղ արձագանքը։ Բանաձևով ձևավորվում է միջազգային համագործակցության համապարփակ նոր շրջանակ՝ փոխկապակցելով մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը գիտության ու տեխնոլոգիաների հետ:

Բանաձևը ներկայացնելիս Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է թվային փոխակերպման ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը միջոց են հանդիսանում առկա անհավասարությունները վերարտադրելու և խորացնելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է տեխնոլոգիաների շարունակական և սրընթաց զարգացմանը զուգահեռ կանանց և աղջիկների իրավունքները հավաքական ջանքերի կենտրոնում պահելու կարևորությունը: 

Այս նոր բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող շուրջ հինգ տասնյակ պետություններ, ներկայացվել է որպես բազմակողմ հարթակներում գենդերային հավասարության խթանման նպատակով տեխնոլոգիաների և նորարարության առաջմղման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի շարունակություն։

Այն արտացոլում է նաև թվային փոխակերպման պայմաններում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ Հայաստանի ամուր հանձնառությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում կանանց բարձր ներկայացվածությունը, որը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ 

Նախաձեռնության ներկայացումը Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենում հատկապես կարևոր ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության սրընթաց զարգացումն առավել հրատապ է դարձնում տեխնոլոգիաների, հավասարության և մարդու իրավունքների փոխկապակցվածության շուրջ արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդումը։

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր