ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը
2 րոպեի ընթերցում
Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հոկտեմբերի 5-ին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՄԱ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:
Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:
Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն: