Աշխարհ

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Ղազախստանի և Գերմանիայի բանակցությունների արդյունքում ստորագրվել է ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ. դրանց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված ճեպազրույցում:

«Բանակցությունների շրջանակներում ստորագրվել է շուրջ 2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ։ Ակնհայտ է, որ այդ պայմանագրերի արդյունավետ իրագործման դեպքում երկու երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի», - Տոկաևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Մերցի հետ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։ Նա կայացած հանդիպումները համարել է «բովանդակալից և արդյունավետ»։

Տոկաևը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ օրակարգի հրատապ հարցերի շուրջ։

«Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով։ Սա է մեր երկրների ընդհանուր դիրքորոշումը։ Բացի այդ, մենք պայմանավորվել ենք հետագայում զարգացնել «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» երկխոսության ձևաչափը։ Ղազախստանը մտադիր է Գերմանիայի հետ ամրապնդել ռազմավարական գործընկերությունը, որը միտված է դեպի երկարաժամկետ, փոխշահավետ ու կոնկրետ արդյունքներ», - ասել է նա։

Տոկաևը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին կայցելի Բավարիա, որտեղ կմասնակցի ղազախաբավարական տեխնոլոգիական համաժողովին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում