Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

5 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։

Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում Հայաստանի դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները սեպտեմբերից հասանելիություն ունեն ChatGPT Edu և Codex հարթակներին՝ ստանալով շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն։ Քննարկվել են ծրագրի պիլոտային փուլի ընթացքին, ուսուցիչների վերապատրաստմանը, ԱԲ կարողությունների զարգացմանը, ծրագրի արդյունքների գնահատման մեխանիզմներին, անվտանգ և պատասխանատու կիրառման սկզբունքներին, ինչպես նաև հետագա ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում ԱԲ գործիքների կիրառման առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ այս փուլում հիմնական շեշտադրումն ուսուցիչներին աջակցելու և նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու վրա է դրվում։ Միաժամանակ, ԱԲ-ն դիտարկվում է որպես սովորողների անհատական կրթական կարիքներին և առաջընթացին աջակցելու գործիք։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդգծել է ուսուցչի ուղղորդող դերը՝ հաշվի առնելով, որ սովորողներն արդեն իսկ ակտիվորեն օգտվում են ԱԲ տարբեր գործիքներից։

Նշվել է, որ ուսուցիչների և դպրոցների ղեկավարների համար մշակվել են օժանդակ նյութերի ու ԱԲ գործիքներին տրվող հրահանգների օրինակներ, որոնք կարող են կիրառվել դասերի պլանավորման, չափորոշիչներին համապատասխան ուսումնական նյութերի և գնահատման տարբեր մոտեցումների մշակման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կրթական համակարգում ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին․ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» և Step AI կրթական ծրագրերը՝  նախատեսված ավագ դպրոցների համար։

OpenAI-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի մեկնարկային փուլում ուսուցիչներն արդեն մեծ հետաքրքրություն և ակտիվություն են ցուցաբերում։ Կարևորվել է նաև հայաստանյան հետազոտողների, համալսարանների և կրթական կազմակերպությունների ներգրավումը՝ տեղական հետազոտական կարողությունների զարգացման և միջազգային գործընկերների հետ կապերի ձևավորման նպատակով։ Քննարկվել են նաև ուսուցիչների համար վեբինարների, կարճ ուսուցողական տեսանյութերի և ուսումնական ծրագրին համապատասխան նյութերի մշակմանն առնչվող հարցեր։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել սովորողների կողմից ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը, երեխաների պաշտպանությունը, ծնողների իրազեկումը, ինչպես նաև կրթական հաստատություններում համապատասխան քաղաքականությունների ձևավորումը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են պիլոտային փուլի ընթացքում փաստական տվյալների հավաքագրումը, ուսուցիչների և կրթական հաստատությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև ծրագրի աշխարհագրական ու բովանդակային ընդգրկման գնահատումը։

OpenAI-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ աջակցելով հետազոտություններին, ուսուցիչների վերապատրաստմանը և ԱԲ-ի կիրառման վերաբերյալ քաղաքականությունների մշակմանը։ Կարևորվել է նաև ԱԲ գործիքների կիրառումը երիտասարդական քաղաքականության  ծրագրերում։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի պետական ֆինանսավորման հնարավորությունը։

Հայաստան այցի շրջանակում OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Հայերեն English Русский

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել