Don’t Stop-ը՝ Նատալինայի կյանքի կարգախոս. 13-ամյա երգչուհին՝ մեծ բեմերի, պատասխանատվության ու նոր նախագծի մասին

6 րոպեի ընթերցում

Երգչուհի Նատալինան տասներեք տարեկանում հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների, ներկայացնել Հայաստանը տարբեր բեմերում, հաղթանակներ գրանցել և հասկանալ, որ յուրաքանչյուր նոր ձեռքբերում հաջորդ նպատակի սկիզբն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհու համար միջազգային մրցույթները վաղ տարիքից դարձել են ոչ միայն բեմական փորձ, այլև ինքնաճանաչման ու մասնագիտական աճի կարևոր դպրոց։ Նա առանձնահատուկ է համարում իր մասնակցությունը «Նոր ալիք»-ին։ Նատալինան մրցույթին մասնակցել է փոքր տարիքում, սակայն, ինչպես պատմում է, կազմակերպիչների վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ եղել է չափազանց պրոֆեսիոնալ։

Նրա խոսքով՝ «Նոր ալիք»-ն իրեն ամենաշատն է փոխել։ «Մրցույթին մասնակցել եմ շատ փոքր տարիքում, բայց մրցույթի կազմակերպիչները մեզ՝ մասնակիցներիս, վերաբերվում էին այնպես, ասես արդեն հասուն և պրոֆեսիոնալ արտիստներ ենք։ Դա բավական բարդ էր իմ տարիքի համար, բայց շատ ուժեղացրեց ինձ և շատ բան փոխեց դեպի լավը»,-պատմում է Նատալինան։

Այդ փորձառությունն, ըստ նրա, այսօր էլ շարունակում է ազդել իր՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Յուրաքանչյուր մրցույթից հետո Նատալինան փորձում է հասկանալ, թե ինչը կարող էր ավելի լավ անել, գտնել նույնիսկ ամենափոքր թերություններն ու հաջորդ անգամ դրանք շտկել։

Միջազգային մրցույթները Նատալինային տվել են և՛ վստահություն, և՛ սեփական հնարավորությունների նկատմամբ ավելի խիստ պահանջներ։ Հաղթանակները նրա համար ապացույց են, որ կատարած աշխատանքն արդյունք է տալիս, սակայն յուրաքանչյուր նոր բեմ նաև ցույց է տալիս, որ դեռ շատ բան կա սովորելու և կատարելագործելու։ Հայաստանը միջազգային բեմերում ներկայացնելը Նատալինայի համար մեծ պատասխանատվություն է։ Նա հիշում է մի մրցույթ, որում զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն բեմից իջնելուց հետո ծնողներին ասել է, որ նեղված է։ Պատճառը, սակայն, սեփական արդյունքը չի եղել։

«Ես չէի նեղվել այն պատճառով, որ երրորդ տեղում եմ, այլ այն պատճառով, որ իմ երկիրն է երրորդ տեղը զբաղեցրել»,-պատմում է նա։ Հենց այդ վերաբերմունքն էլ, ըստ Նատալինայի, բացատրում է, թե ինչու է Հայաստանի անունը միջազգային հարթակներում ներկայացնելն իր համար այդքան կարևոր։

Նատալինան օրեր առաջ համացանցում հրապարակել է Don’t Stop երգն ու տեսահոլովակը, որի հիմքում առաջ շարժվելու, կանգ չառնելու և սեփական ճանապարհը շարունակելու գաղափարն է։

Don’t Stop նախագիծը Նատալինայի համար առանձնանում է նաև իր գաղափարով։ Երգը մոտիվացիայի մասին է, և երիտասարդ երգչուհին կարծում է, որ դրանում սեփական պատմությունը կարող են գտնել ամենատարբեր ոլորտների մարդիկ՝ մարզիկներից ու երգիչներից մինչև այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։

Նոր աշխատանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երգի և ամբողջ նախագծի պրոդյուսերը Մհեր Բաղդասարյանն է։ Նատալինայի խոսքով՝ այդ համագործակցությունն ինքնին կարևոր նորություն է իր ստեղծագործական ճանապարհին:

Բաղդասարյանի և Նատալինայի համագործակցության պատմությունը սկսվել է երգչուհու ծնողների առաջարկից։ Պրոդյուսերը պատմում է, որ առաջին իսկ հանդիպումից նկատել է Նատալինայի ներուժը։ Նրա խոսքով՝ երգչուհին աչքի է ընկնում վառ էներգետիկայով։ Բաղդասարյանը դա բնորոշում է որպես «աստղային որակ»՝ ընդգծելով, որ նման հատկանիշը ձեռքբերովի չէ։ Նատալինայի հետ աշխատանքի ընթացքում պրոդյուսերը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև նրա տարիքին։ Նրա համար կարևոր է, որ ստեղծագործական գործընթացը չվնասի երեխայի հոգեբանական աշխարհը, իսկ վիզուալ լուծումները լինեն տարիքին համապատասխան։

Պրոդյուսերը Նատալինային նկարագրում է որպես արտիստ, որը պատրաստ է մեծ աշխատանքի։ Նրա խոսքով՝ աղջիկը շատ պատրաստված է և ունի այնպիսի նպատակասլացություն, որը հաճախ կարելի է տեսնել արդեն կայացած արտիստների մոտ։ Բաղդասարյանը Նատալինայի ապագան կապում է հայկական փոփ երաժշտության մեծ բեմերի հետ։ Նա առանձնացնում է երգչուհու ձայնը, պարային ունակությունները, արտաքին տվյալներն ու տեսախցիկի առաջ ներկայանալու կարողությունը՝ նշելով, որ այժմ կարևոր աշխատանքներից մեկը նրա համար ճիշտ երգացանկ ձևավորելն է։ Նատալինան էլ իր հերթին իր ապագան պատկերացնում է բազմաթիվ մեծ բեմերի և նոր աշխատանքների հետ։

Don’t Stop-ի տեսահոլովակում նա արդեն տեսնում է ոչ թե վերջնական արդյունքի հասած, այլ ճանապարհը շարունակող արտիստի։ Don’t Stop անվանումը Նատալինայի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես երգի վերնագիրը։ «Don’t Stop-ը ոչ միայն իմ երգի անվանումն է, այլ նաև իմ պատմությունն ու կյանքի կարգախոսը։ Ամեն օր իմ կարգախոսն է կանգ չառնելը»,- ասում է երգչուհին։

Տեսահոլովակի նկարահանման ընթացքում նրա համար ամենահետաքրքիրն էլ հենց ստեղծագործական գործընթացն է եղել։ Նատալինան ասում է, որ սիրում է ետնաբեմը, նկարահանումների ընթացքը և հաճույք է ստանում ոչ միայն վերջնական արդյունքից, այլև այն ճանապարհից, որով ստեղծվում է աշխատանքը։ Եվ այս փուլում նրա հաջորդ մեծ նպատակների շարքում միջազգային բեմերը շարունակում են մնալ առանցքային։ Եթե երբևէ հնարավորություն ստանա Հայաստանը ներկայացնել «Մանկական Եվրատեսիլ»-ում, Նատալինան ասում է՝ իր առաջին զգացողությունը միաժամանակ կլինեն ուրախությունն ու պատասխանատվությունը։

Հայերեն

Նորընտիր իշխանությունները ժողովրդից հստակ մանդատ են ստացել․ Կոնջորյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը

Չինաստանը հայտարարել է Կուբային վճռականորեն աջակցելու մասին

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

Գինու լայն տեսականի, ազգային երգ ու պար․ կանցկացվի Արենի գինու փառատոնը

ՀՀ վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին