Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը
2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով հարակից միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։
Միջոցառումը, որը կազմակերպվել է Հնդկաստանի և Հունաստանի կողմից, միտված էր ապահովելու քննարկում տարբեր ոլորտներում արհեստական բանականության աճի հարցերի շուրջ. արհեստական բանականությունն աստիճանաբար ինտեգրվում է տնտեսություններին, հաղորդակցությանն և անվտանգության միջավայրին, և կարևոր է դրա զարգացման ու կիրառման ուղղորդումը՝ ի նպաստ խաղաղության, կայունության և մարդկային զարգացման։
Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեխնոլոգիաների հարցերով բանագնաց Ամանդիպ Սինգհ Գիլը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործնական, այդ թվում՝ հակամարտությունների վաղ նախազգուշացման, հումանիտար կարիքների գնահատման, արբանյակային տվյալների վերլուծության, հումանիտար լոգիստիկայի, վերականգնման պլանավորման հնարավորություններին: