Ռուսաստան

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում սեպտեմբերի 26-ի գիշերը անօդաչուների զանգվածային հարձակումներ են արձանագրվել։ Ուկրաինական կողմը հայտնել է տուժածների և վնասված շինությունների մասին, իսկ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ սեպտեմբերի 25-ի երեկոյից Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 173 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 50-ը եղել են ռեակտիվ շարժիչով։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության միջոցներով չեզոքացվել է 134 անօդաչու։ Հարվածներ են արձանագրվել 19, իսկ խոցված ԱԹՍ-ների բեկորների անկում՝ ևս ութ վայրում։ 

Կիևում անօդաչուների հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել։ Վնասվել են գրասենյակային և պահեստային շինություններ։ 

Օդեսայում վնասվել են ավելի քան տասը բնակելի շենք, հյուրանոցային-ռեստորանային համալիր և վարչական շինություններ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ 

Խարկովի մարզում վերջին օրվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով վեց մարդ է տուժել, որոնցից չորսը՝ Խարկով քաղաքի վրա անօդաչուներով հարձակումների ժամանակ։ 

Միաժամանակ, սեպտեմբերի 26-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչուների ենթադրյալ հարձակումից հետո։

Տեղի բնակիչները հայտնել են կեսգիշերին մոտ լսված պայթյունների և հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Ականատեսների տեսանյութերի աշխարհագրական տեղորոշումը ցույց է տվել, որ հրդեհը բռնկվել է Կրասնոդարից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանում 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում