Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել
2 րոպեի ընթերցում

Կիպրոսի ափերի մոտ խորտակված ուղևորատար նավի կորպուսի վնասված հատվածը մինչև աղետը վերանորոգվել է սիլիկոնով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է ODA TV-ն՝ շեշտելով, որ նման եզրակացություն է արվել ըստ դատարանի փաստաթղթերի։
«Հետևելով նավապետի հրամանին` անձնակազմի անդամները Գիրնե նավահանգստում վերանորոգել են նավի ձախ քթի վնասված հատվածը՝ սիլիկոն օգտագործելով, ինչից հետո վերանորոգման տարածքը ներկվել է», - հաղորդել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։
Դատարան ներկայացված նյութերի համաձայն՝ փորձագետները նշել են, որ վնասը պահանջել է որակյալ մասնագետների կողմից վերանորոգում նավահանգստում։
Քննության ընթացքում ուսումնասիրվել են լուսանկարներ և WhatsApp-ի հաղորդագրություններ, որոնք, ենթադրաբար, հաստատում են վնասի առկայությունը և կատարված վերանորոգման աշխատանքները։
Նավապետը, անձնակազմի անդամները և ընկերության աշխատակիցները կալանավորվել են հետաքննության շրջանակում։ Դատարանը երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։
Կիպրոսի հյուսիսային ափին գտնվող Գիրնեից դեպի Թուրքիայի Տասուջու քաղաք ուղևորվող Filo Jet ուղևորատար կատամարան նավը օգոստոսի 30-ին նավահանգստից դուրս գալուց կարճ ժամանակ անց սկսել է ջրով լցվել և շրջվել է։ Նավում եղել է 267 մարդ՝ 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 13-ը դեռևս անհետ կորած են համարվում։