Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ
2 րոպեի ընթերցում

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ մասնակցել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման և պարտադիր բուժզննության դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Tagesschau-ն, վկայակոչելով «Դպրոցական գործադուլ՝ ընդդեմ պարտադիր զինծառայության» նախաձեռնությունը, հայտնել է, որ ցույցերն անցկացվել են սեպտեմբերի 25-ին։
Միայն Բեռլինում ոստիկանությունը հաշվել է շուրջ 2400 ցուցարար։ Մյունխենում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 700, Նյուրնբերգում՝ 400, Շտուտգարտում՝ 200 մարդ։ Համազգային ցուցանիշը՝ ավելի քան 45 հազար մասնակից, ներկայացրել են ակցիայի կազմակերպիչները, մինչդեռ ոստիկանությունը միասնական թիվ չի հրապարակել։
Մյունխենի ցուցարարները վանկարկել են՝ «Ո՛չ մի մարդ, ո՛չ մի ցենտ՝ Բունդեսվերին»։ Պաստառների վրա գրված է եղել՝ «Մեզ հանգիստ թողեք» և «Ո՛չ, մենք չենք գնա»։ Ցուցարարներից մեկը հայտնել է, որ արդեն զինվորական բուժզննության ներկայանալու ծանուցագիր է ստացել։
Գերմանիայում զինվորական ծառայության նոր կանոններն ուժի մեջ են մտել 2026 թվականի հունվարին։ 18 տարին լրացած տղամարդիկ և կանայք ստանում են զինվորական ծառայությանը պատրաստակամության վերաբերյալ հարցաթերթիկ։ Տղամարդկանց համար դրա լրացումը պարտադիր է, իսկ կանանց համար՝ կամավոր։ 2008 թվականին ծնված տղամարդկանց համար պարտադիր բուժզննություններն արդեն սկսվել են։