Հայկական արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է շուրջ 70 տոկոսով. Պապոյան
2 րոպեի ընթերցում

Հայկական ծագման արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպական միություն 2026 թվականի հունվար-օգոստոսին աճել է շուրջ 70 տոկոսով, դեպի Հնդկաստան՝ 2,1 անգամ, իսկ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մոտ 45-46 տոկոսով։ Էական անկում է արձանագրվել Եվրասիական տնտեսական միության շուկայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Միակ ուղղությունը, որտեղ հայկական ծագման արտադրանքի արտահանման էական անկում ունենք, Եվրասիական միության շուկան է»,- ասել է Պապոյանը՝ նշելով, որ մյուս ուղղություններով արտահանման շուկաների դիվերսիֆիկացումն ակտիվորեն շարունակվում է։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին արտահանվել է շուրջ 990 միլիոն դոլարի, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ մոտ 943 միլիոն դոլարի արտադրանք։ Նվազումը կազմել է մոտ 5 տոկոս։
Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման նվազումը պայմանավորված է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների, նաև՝ բերքի ծավալներով։ Մասնավորապես՝ նախորդ տարի արտահանվել էր ավելի քան 40 հազար տոննա ծիրան, իսկ այս տարի՝ շուրջ 12-13 հազար տոննա, քանի որ եղանակային պայմանների հետևանքով բերքը պակաս է եղել։
Միաժամանակ, պտուղ-բանջարեղենի պահածոների արտահանումն աճել է 18 տոկոսով, չորացրած մրգերինն ու բանջարեղենինը՝ 64 տոկոսով, հայկական բրենդիինը՝ 10 տոկոսով, կենդանի կենդանիներինը՝ 21 տոկոսով։
Օգոստոսին արտահանված արտադրանքի համար տնտեսվարողներին նախատեսվում է տրամադրել 4 միլիարդ 590 միլիոն դրամ փոխհատուցում։ Ծրագրով աջակցություն է տրամադրվում ջերմատնային արտադրանքի, թարմ պտղի, ծաղիկների, սննդամթերքի և խմիչքի առանձին տեսակների արտահանման համար։
Պապոյանի խոսքով՝ աջակցության ծրագրի շրջանակում արտահանվել է շուրջ 3000 տոննա լոլիկ, ավելի քան 2200 տոննա պղպեղ, 3,9 միլիոն հատ ծաղիկ, ավելի քան 2200 տոննա դեղձ, 292 հազար լիտր շշալցված գինի և 336 հազար լիտր պտղահատապտղային գինի։