Աշխարհ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

4 րոպեի ընթերցում

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Արհեստական բանականության (ԱԲ) մշակմամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերությունները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացրել են մարդկության համար ԱԲ-ի ռիսկերի մասին՝ կոչ անելով կառավարություններին համատեղ աշխատել՝ ավելի հզորացող այս տեխնոլոգիան կառավարելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, ելույթ ունենալով 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդում, ասել է, որ սխալ կառավարման դեպքում «ԱԲ-ն կարող է վտանգ ներկայացնել ողջ մարդկության համար»։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն։

«Եթե մենք ցանկանում ենք, որ AI-ն ժողովրդավարական լինի, ամենակարևոր որոշումները չեն կարող ընդունվել միայն Սան Ֆրանցիսկոյի լաբորատորիաներում։ Դրանք պետք է ձևավորվեն ժողովրդավարական գործընթացների միջոցով և այն կառավարությունների կողմից, որոնք հաշվետու են իրենց ժողովուրդներին», — ասել է Ալթմանը Անվտանգության խորհրդում։

Կանադացի Յոշուա Բենջիոն, որը համարվում է ԱԲ ոլորտի «կնքահայրերից» մեկը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից անցյալ տարի ստեղծված Անկախ միջազգային գիտական խմբի համանախագահն է, Անվտանգության խորհրդում հայտարարել է, որ արհեստական բանականության հետ կապված «վտանգներն իրական են և մոտալուտ»։

«Այս խորհուրդը բախվում է աննախադեպ սպառնալիքի, որը ոչ ոք չի կարող միայնակ զսպել և որը չի ճանաչում սահմաններ», - ասել է նա։

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփը հայտարարել էր, որ «մերժում է ԱԲ-ի վերահսկողության համաշխարհային սխեմա ստեղծելու ցանկացած փորձ»։ Նա տեխնոլոգիան անվանել էր զարմանալի՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն զգուշավոր կլինի։

Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Մայքլ Կրացիոսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում կրկնել է Թրամփի դիրքորոշումը։

«Դուք չեք կարող կառավարել այն տեխնոլոգիան, որը չեք հասկանում։ Այս մարմինը և նմանատիպ այլ կառույցներ պետք է կենտրոնանան լավագույն փորձի փոխանակման և ներքին կարողությունների զարգացման վրա, այլ ոչ թե գլոբալ կարգավորման համակարգ ստեղծելու», - ասել է նա։

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Ցոնը նշել է, որ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել ԱԲ-ի կարգավորման համակարգերը, արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմներն ու միջսահմանային համագործակցությունը։

«Միջազգային հանրությունը պետք է ավելի սերտորեն համագործակցի, հավասարապես կարևորի զարգացումն ու անվտանգությունը և ուղղորդի ԱԲ-ի զարգացումը դեպի դրական նպատակներ՝ հանուն բարօրության և մարդկության», - ասել է նա Անվտանգության խորհրդում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որը երկար ժամանակ հանդես է գալիս ԱԲ-ի գլոբալ կառավարման օգտին, նախազգուշացրել է, որ արհեստական բանականության արագ զարգացումը ստեղծում է ռիսկեր, որոնք չի կարելի անտեսել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում