ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ ժամանակն է միջխորհրդարանական կապեր ձևավորել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ

8 րոպեի ընթերցում

Որպես առաջիկա հինգ տարիների համար նախանշված առաջնահերթություն՝ Հայաստանը նաև խորհրդարանական դիվանագիտության միջոցով պետք է փորձի ավելին անել տարածաշրջանի հարևան պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Մեր երկու հարևանների հետ բավականին սերտ համագործակցում ենք նշված ձևաչափով, բայց ժամանակն է խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացների համատեքստում միջխորհրդարանական կապեր ձևավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը կլինի շատ տրամաբանական։ Բազմազանեցման քաղաքականության շրջանակում պետք է փորձենք ավելի ընդգրկուն դարձնել խորհրդարանական դիվանագիտության սահմանները։ Նախորդ տարիներին շատ ակտիվ համագործակցել ենք եվրոպական և հյուսիսամերիկյան պետությունների հետ, բայց կա համագործակցության չիրացված մեծ ներուժ մասնավորապես Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրների հետ։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ արդեն կատարվում են կոնկրետ քայլեր։ Հարաբերությունների տրամաբանությունը ձևավորվելու է հենց բազմազանեցման, բալանսավորման արտաքին քաղաքականության վրա»,- ասաց Խանդանյանը։

Նա համոզմամբ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է ընձեռում ակտիվ համագործակցության և տարբեր լոգիստիկ, առևտրային շղթաների կենտրոնում լինելու համար։

«Մեր ինքնիշխանության պահպանումը չպետք է դիտարկենք այլոց շահերի բախման կետում, այլ փորձենք հնարավորինս խուսափել շահերի բախման կետ լինելուց։ Բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է չունենալ միայն մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ էքսկլյուզիվ հարաբերություններ, այլ հավասարակշռված կապեր հնարավորինս շատ կենտրոնների հետ։ Մեր ինքնիշխանության պահպանման տեսանկյունից շատ կարևոր է տարածաշրջանի երկրների հետ նորմալ հարաբերությունների կառուցումը, որովհետև ինքնիշխանության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը խաղաղության պահպանում է։ Անհրաժեշտ է համբերատար շարունակել խաղաղության գործընթացը և բոլոր հարևանների հետ չունենալ լարումներ, որպեսզի այդ լարումներից չօգտվեն արտաքին կենտրոնները»,- ասաց Խանդանյանը։   

Նա ընդգծեց, որ Հայաստանն իսկապես մերձենում է Արևմուտքի՝ Եվրոպական տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ և դրանով բազմազանեցնում է իր հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը նաև ներքին օրակարգի հարց է, որովհետև մեր եվրոպական ձգտումներն ու անդամակցությունը ԵՄ-ին առաջին հերթին ներքին բարեփոխումների օրակարգին նպաստող գործընթաց է։ Խանդանյանի խոսքով՝ դիվերսիֆիկացիան կարևոր է արտաքին շուկաների հասանելիության, էներգետիկ համագործակցության, նաև որոշակի անվտանգային համագործակցության տեսանկյունից, սակայն նրա համոզմամբ՝ մտքում պետք է միշտ ունենալ բալանսավորման սկզբունքը։

«Իրանաամերիկյան հակամարտությունը մեր հարևանությամբ որևէ կերպ չի կարող բխել Հայաստանի շահերից և ընդհանրապես չի կարող օգտակար լինել տարածաշրջանի համար, ուստի հույս ունենք, որ հակամարտությունը մոտ ապագայում կհանգուցալուծվի դիվանագիտական խաղաղ ճանապարհով։ Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար և երկուստեք կա այն ռազմավարական մակարդակի բարձրացնելու մտադրություն՝ չնայած, որ հարաբերությունների որակն ու բնույթն ինքնին ռազմավարական են։ Մոտ ապագայում կկնքվի համապատասխան փաստաթուղթը։ Հայաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերությունները զարգացնել ի վնաս այլ գործընկեր պետությունների»,- մանրամասնեց ԱԺ պատգամավորը։

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Խանդանյանն ընդգծեց, որ դրանք ունեն տրանսֆորմացիայի կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարաբերությունները իներցիայի և հանգամանքների բերումով հիմնականում կառուցվել են գլխավորապես անվտանգային համագործակցության շուրջ։

«Բայց տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ապացուցել են, որ Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, հաստատվել է խաղաղություն, ուստի պետք է հաշվի առնել այս հանգամանքները և հայ-ռուսական հարաբերությունների բնույթը համապատասխանեցնել նոր իրականությանը։ Դա չի նշանակում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև պետք է առաջանան խզումներ, ընդհակառակը՝ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ։  Երկուստեք առաջացած խնդիրները փորձելու ենք լուծել հանգիստ մթնոլորտում, բանակցությունների միջոցով։ Եթե ԹՐԻՓՓ ծրագիրը մնա ենթակառուցվածքների ապաշրջափակման միակ գործող ծրագիրը, ապա մենք խնդիր կունենանք, ուստի Հայաստանի երկաթուղիները պետք է մերս պարագայում համապատասխանեցվեն արտաքին աշխարհին կապվելու համար»,- ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ պետք է գնահատել ոչ միայն ԹՐԻՓՓ նախագծի հնարավորությունները, այլև ռիսկերը, սակայն բարձրաձայնվող ռիսկերը, նրա բնորոշմամբ, ոչ այնքան ռիսկեր են, այլ քաղաքական ընկալումներ։

«Առաջինը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված ռիսկն էր, բայց ԹՐԻՓՓ-ի բանաձևն արդեն լուծել է այդ խնդիրը։ Նախագիծն իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների շրջանակում։ Հաջորդ ամսվա ընթացում նաև Հայաստանի ու ԱՄՆ միջև կստորագրվի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հիմնական շրջանակային համաձայնագիրը, որը կվավերացվի ԱԺ-ի կողմից։ Համաձայնագրում կան քաղաքական ընկալումների վերաբերյալ բոլոր պատասխանները։ ԹՐԻՓՓ-ը չպետք է լինի միակ բացառիկ նախագիծը, որը կապաշրջափակի Հայաստանը»,- ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Վերջում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Խանդանյանը նշեց, որ հայկական կողմը փորձում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը պահել բացառապես երկկողմ օրակարգի շրջանակում՝ չնայած, որ այդտեղ առաջանում են խնդիրներ։

«Չեմ կարծում, որ գործընթացը փակուղում է, այնուամենայնիվ որոշումներ կայացվում են։ Մենք չենք տեսնում որևէ խոչընդոտ այն առումով, որ երկուստեք հարաբերությունները չեն կարող կարգավորվել ամբողջ ծավալով։ Վաղուց արդեն Թուրքիան պետք է բացեր Հայաստանի հետ սահմանը և հաստատեր դիվանագիտական հարաբերություններ։ Հավատով և հույսով լցված՝ շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, որը մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ զբաղեցնում է կարևոր տեղ»,- եզրափակեց Խանդանյանը։   

Հայերեն English Русский

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար