Ուիթքոֆը հաջողված է համարում Նյու Յորքում իրանական պատվիրակության հետ բանակցությունները
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հաջողված է համարում իրանական կողմի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին միջնորդների միջոցով կայացած բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։
«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մենք մասնակցեցինք իրանական պատվիրակության հետ երկարատև բանակցությունների միջնորդների միջոցով, որոնք օրվա ընթացքում կողմերին էին փոխանցում ասելիքները։ Նրանք հաջողությամբ ավարտեցին բանակցությունների փուլը, որը, հուսով ենք, կդառնա կառուցողական և խոստումնալից։ Միջնորդները կշարունակեն աշխատանքը», - գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել է հանդիպման մասին՝ նշելով, որ իր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները միջնորդների միջոցով քննարկել են Իրանի հետ հնարավոր համաձայնությունը։ Ըստ France 24 պարբերականի՝ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ քննարկումներն «արդյունավետ» են եղել, տեղի է ունեցել «լավ հանդիպում», որը տևել է մոտ 3 ժամ։
«Նրանք ևս մեկ հանդիպում ունեն նախատեսված շատ մոտ ապագայում», - հավելել է Թրամփը։
Ավելի վաղ իր ելույթում նա սպառնացել էր «ոչնչացնել» Իրանը։
Իրանական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը բանակցություններ է վարել Ուիթքոֆի հետ, նրան փոխանցել է Հորմուզի նեղուցը բացելու Թեհրանի պայմանները։ Ըստ IRIB պետական հեռարձակող ընկերության՝ Արաղչին նշել է, որ Իրանի պայմանները ներառում են ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման «անհապաղ դադարեցում, իրանական բոլոր սառեցված ակտիվների ապասառեցում և դիմադրության բոլոր ճակատներում պատերազմի ավարտ»։