Քաղաքականություն

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։

«Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները պարզապես եվրոպական երկրներ չեն մեզ համար, այլ ժողովրդավարության, օրենքի գերակայության, ինստիտուցիոնալ մշակույթի վառ օրինակ են, և մեր ծրագրով պետականաշինության մեջ փորձելու ենք հասնել այդ չափանիշներին։ Ժողովրդավարական բարեփոխումները մեր քաղաքական հանձնառությունն են և մեր պետականության անվտանգության հիմնական երաշխիքները։ Եվ այստեղ ձեր աջակցությունը բարձր ենք գնահատում»,- դիմելով դեսպաններին՝ մասնավորապես ասել է Արուսյակ Մանավազյանը։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացումն ու ակտիվացումը։ Այդ համատեքստում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը։

Խմբակցության ղեկավարն արժևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև դրական գնահատել Եվրոպական միության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացումն ու կրճատումը։

Հյուրերի խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարաբերություններին և այլ հարցերի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում