Եվրոպա

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտնել է, որ Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ կարող են հետևել Կանադայի օրինակին և դառնալ Եվրոպական միության «ասոցացված անդամներ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 17-ին՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ելույթից առաջ Europe Today-ին տված բացառիկ հարցազրույցում Մեցոլան առաջարկվող կարգավիճակը նկարագրել է որպես լիարժեք անդամակցության և թեկնածու երկրի կարգավիճակի միջև գտնվող երրորդ տարբերակ։

«Կան երկրներ, որոնց հետ մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները։ Ես չեմ կասկածում, որ այդ ցանկում կլինեն նաև այլ երկրներ, և մյուսներն էլ կթակեն մեր դուռը․․․ Անորոշության նման ժամանակներում ընկերներ ունենալը կարևոր է», - ասել է Մեցոլան։

ԵՄ-ն արդեն առևտրային համաձայնագրեր ունի երկու երկրների հետ, ինչը կարող է հիմք հանդիսանալ ավելի սերտ համագործակցության համար։ Նմանատիպ հարաբերություններ են առաջարկվել նաև Կանադայի հետ, որը 2016 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ համապարփակ առևտրային համաձայնագիր։

Պատասխանելով հարցին, թե տեխնիկապես ինչպիսին կարող է լինել ասոցացված անդամակցությունը՝ Մեցոլան նշել է, որ բանակցությունները դեռ վաղ փուլում են։

Սեպտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր Կանադային տրամադրել «ասոցացված անդամի» կարգավիճակ։

Կանադայի վարչապետ Քարնին, ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պայմաններում, ուսումնասիրում է ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը։ ԱՄՆ-ն Կանադայի խոշորագույն առևտրային գործընկերն է, սակայն այժմ գործում են բարձր մաքսատուրքեր։

ԵՄ ասոցացված անդամի վերաբերյալ հայտարարությունից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ կարող է նոր մաքսատուրքեր սահմանել Եվրամիության նկատմամբ, եթե ասոցացված անդամակցության հայտը վերածվի «թշնամական» նախաձեռնության։

Վաշինգտոնի և Բրյուսելի միջև գործում է առևտրային համաձայնագիր, որի համաձայն՝ ԵՄ-ի նկատմամբ ապրանքների համար սահմանվել է 15% մաքսատուրք։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում