1 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չինացի պաշտոնյաների հետ խորհրդակցությունները որակել է հաջողված՝ նշելով, որ Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է X սոցիալական ցանցի գրառման մեջ։
«Չինաստանում մեր գործընկերների հետ հաջող խորհրդակցություններ ենք անցկացրել։ Իրանը կարևորում է այն ռազմավարական գործընկերությունը, որը մենք ժամանակի ընթացքում կառուցել ենք։
Այսօրվա որոշումները կկանխորոշեն տարածաշրջանի ապագա ռազմավարական հավասարակշռությունը՝ ունենալով կարևոր ազդեցություն», - գրել է Արաղչին։
Նա նաև աջակցություն է հայտնել տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած չորս սկզբունքներին՝ նշելով, որ դրանք առանցքային նշանակություն ունեն։
Սի Ծինփինի առաջարկը նախատեսում է հարևան երկրների միջև խաղաղ գոյակցություն, հարգանք ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ, միջազգային իրավունքի պահպանում, ինչպես նաև անվտանգության և տնտեսական զարգացման միջև հավասարակշռության ապահովում։