Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ
5 րոպեի ընթերցում
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարում տեղի ունեցած իրադարձություններից հետո խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իրենք մշտական կապի մեջ են և գրեթե երկու օրը մեկ զրուցում են։
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրապարակային արձագանքել Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է, որ միշտ չէ, որ բոլոր հայտարարությունները պետք է հրապարակային պատասխան ստանան։
«Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին դրանով վնաս տամ»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծեց՝ խաղաղության գործընթացը պահանջում է զգուշավոր մոտեցում։
«Մենք 100 անգամ ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Սիմոնյանը միաժամանակ հաստատել է, որ Գանձասարում տեղի ունեցածից հետո հարցը քննարկել է Հիքմեթ Հաջիևի հետ։
« Այո, խոսել եմ ես դրանից հետո, եկեք մանրամասները չպատմեմ։ Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ նրա հեռախոսահամարը։ Կարելի է ասել՝ երկու օրը մեկ իրար հետ զրուցում ենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ շփումների ընթացքում բարձրաձայնվել են նաև մտահոգություններ, որպեսզի նման դեպքերը չվնասեն հայ-ադրբեջանական գործընթացին։
«Ես ուրիշ մտահոգություններ էի նաև արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն, և հիմա էլ եմ կարծում, որ նման իրադարձությունները չպետք է խանգարեն»,- ասել է Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե ինչու ադրբեջանական կողմը նույն զգուշավորությունը չի ցուցաբերում, Սիմոնյանը պատասխանել է, որ ինքը պատասխանատվություն է կրում հայկական կողմի դիրքորոշման համար։
«Ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ էլ ուզում իրենց համար պատասխանատու լինել։ Մենք ոչ իրենց աչքն ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն»,- ասել է նա։
Հարցին՝ ադրբեջանական կողմն ընդունո՞ւմ է իր սխալը, Սիմոնյանն ասել է, որ երկու կողմերն ունեն իրենց տեսակետները։
«Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ այդ տեսակետները նախ չբերենք, չբախենք մեկը մյուսին։ Մեր ինքնությունը, խաղաղությունը և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ՝ ճիշտ չէ»,- նշել է նա։
Սիմոնյանը կրկին հավելել է, որ հրապարակային կոշտ արձագանքը կարող է ներքին լսարանի համար գոհացուցիչ լինել, սակայն չօգնել խաղաղության գործընթացին։
«Կարող եմ հիմա այնպես պատասխանել, որ բոլորդ ասեք՝ ո՜ւխ, բայց դա այսքան բաղձալի խաղաղությանը օգուտ չի բերի»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը։
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին Գանձասար և Դադիվանք։ Գանձասարում Հաջիևը դիվանագետներին ներկայացրել էր Մատենադարանի նախկին մասնաճյուղում մնացած ձեռագրերի կրկնօրինակները՝ ցույց տալով դրանց դատարկ էջերը և պնդելով, թե դրանք, իբր, վկայում են հայկական կողմից պատմության կեղծման մասին։
Հաջիևը նույն այցի ընթացքում հայտարարել էր նաև, որ Գանձասարն ու Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա Գանձասարի հիմնադրումը կապել է Հասան Ջալալի հետ՝ նրան ներկայացնելով որպես Կովկասյան Աղվանքի կառավարիչ։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը դրանից հետո պարզաբանել էր, որ Գանձասարում ցուցադրված մատյանները բնօրինակներ չեն եղել, այլ հատուկ պատրաստված բարձրակարգ կրկնօրինակներ, որոնց բնօրինակները պահվում են Երևանում։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հայտարարել էր, որ ցուցադրության համար վերարտադրվել են միայն ընտրված էջերը, ինչով էլ պայմանավորված են կրկնօրինակների դատարկ թերթերը։