Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է զերծ մնան նման խոսույթից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Լրագրողը, հիշեցնելով Գանձասարում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները և Իլհամ Ալիևի՝ մզկիթների ոչնչացման վերաբերյալ վերջին պնդումները, հետաքրքրվել է՝ արդյոք նման հայտարարությունները չեն վնասում խաղաղության գործընթացին։

«Բնականաբար, սա չի աջակցում խաղաղության օրակարգին։ Եվ լավ կլինի, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը զերծ մնան նման խոսույթներից»,- ասել է Հակոբյանը։

Նա անդրադարձել է նաև Գանձասարում Մատենադարանի նախկին մասնաճյուղում ցուցադրված ձեռագրերի կրկնօրինակների շուրջ առաջացած քննարկմանը։

«Գանձասարի հետ կապված՝ Երևանի Մատենադարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Ես ամբողջությամբ երկրորդում եմ Մատենադարանի տարածած հայտարարությունը, որը փաստահեն է»,- նշել է պատգամավորը։

Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։

«Մենք չենք ասել, որ հեշտ է լինելու այդ խաղաղությանը հասնելը։ Եթե այդքան հեշտ լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, երկար բանակցել, այսքան ձեր քննադատությանը արժանանալ և այլն։ Սա հեշտ ճանապարհ չէ»,- ասել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ շուրջ երկու տարի առաջ քննարկումների կենտրոնում սահմանին հնչող կրակոցներն էին։

«Ես հիշում եմ, որ շուրջ երկու տարի առաջ, երբ կրակոցներ կային սահմանին, դուք նույն կերպ ասում էիք՝ սա՞ է այն խաղաղությունը, որը դուք բանակցում էիք, Ադրբեջանից կրակոցներ կան, իսկ դուք լռում եք։ Եվ ես նույն նախադասությունն էի ասում, որ այն փխրուն ձեռքբերված խաղաղությունը, որը հիմա փխրուն չէ, ավելի ու ավելի է կարծրանում, այդ խաղաղությունը խնամքի կարիք ունի և շատ մեծ համբերատարություն է պահանջում»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շարունակի առաջ մղել խաղաղության իր օրակարգը, քանի որ դրա շահառուն քաղաքացին է։

«Մենք պետք է անհոգնել պայքարենք, շարունակենք մեր օրակարգը թելադրել, որովհետև դրանից շահում է քաղաքացին։ Հիմա կլինեն նաև հայտարարություններ։ Կրակոցը փոխարինվել է հայտարարությամբ, որը մեզ մոտ նյարդ է առաջացնում՝ հասկանալի պատճառով»,- նշել է նա։

Հակոբյանը շեշտել է, որ նման հայտարարությունները տհաճ են Հայաստանի քաղաքացիների համար՝ անկախ նրանից՝ խոսքը ԼՂ-ից տեղահանված անձի, թե Երևանի բնակչի մասին է։

«Իհարկե, դա տհաճ է լսել ցանկացած քաղաքացու՝ կլինի Ղարաբաղից տեղահանված քաղաքացի, կլինի Երևանի կենտրոնում բնակվող քաղաքացի։ Բոլորի մոտ էլ նյարդ է առաջացնում, և լավ կլինի, որ չլինեն այդ արտահայտությունները»,- ասել է պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ չնայած դժվարություններին, խաղաղության գործընթացն առաջ է շարժվում։

«Այս ճանապարհը շատ բարդ էր, մենք դա գիտեինք, բայց մենք մեր նախատեսածից շատ ավելի մեծ քայլերով առաջ ենք ընթանում դեպի խաղաղություն»,- ասել է Հակոբյանը։

Նա կրկին հավելել է, որ եթե նախկինում իշխանությանը հարցեր էին ուղղվում սահմանային կրակոցների կապակցությամբ, այժմ քննարկման առարկա են դարձել հայտարարությունները։

«Ժամանակին քննադատում էին՝ Ադրբեջանի կողմից կրակոցներ կան, ինչո՞ւ է լռում հայկական կողմը։ Մենք հիմա խոսում ենք որոշ հայտարարությունների մասին, որոնք նյարդ են առաջացնում։ Թույլ տվեք այս խաղաղությունը հասցնել վերջնակետին։ Մեզ կրկնակի, եռակի, քառակի տհաճ են այդ արտահայտությունները, որովհետև մեզ եք այդ հարցերն ուղղելու»,- կրկին շեշտել է Հակոբյանը։

Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մի խումբ իսլամական կրոնական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կրկին պնդել է, թե իբր հայկական կողմը նախկինում իր վերահսկողության տակ եղած տարածքներում ամբողջությամբ ոչնչացրել է 65 մզկիթ, իսկ որոշ այլ մզկիթներ օգտագործվել են կենդանիներ պահելու համար։

Հայերեն English Español

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ