Երևանում կայացավ ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդների ընդլայնված նիստ-համաժողովը

10 րոպեի ընթերցում

«Գործընկերություն հանուն լավ կառավարման 3 Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագիրը, համագործակցելով ՀՀ-ում ՄԻՊ հաստատության հետ, կազմակերպել էր ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի և ՄԻՊ-ին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ-համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը հաջորդեց ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհրդի առաջին նիստին, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին, ինչպես նաև 2025 թվականի հունիսի 25-ին կազմակերպված երկրորդ նիստին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր ելույթում նշեց, որ ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների հետ կապված խնդիրներն ի սկզբանե եղել են իր ղեկավարած հաստատության ուշադրության կենտրոնում։

«Այս ոլորտները մեզ համար լուրջ առաջնահերթություն են, որովհետև ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների առումով մենք շատ լուրջ և ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Ձևավորված խորհուրդների հարթակը ՄԻՊ-ի համար շատ կարևոր է, քանզի մենք հնարավորություն ենք ունենում մեր քաղհասարակության գործընկերների հետ քննարկման առանցքում պահել ՀՀ-ում առկա տարատեսակ ոլորտների խնդիրները։ Սա կարևոր է ոչ միայն քաղհասարակության ձայնը լսելի դարձնելու, նաև մեր որոշումների կայացման գործում նրանց մասնակից դարձնելու առումով։ Գործընկերների բարձրաձայնած բոլոր խնդիրները մշտապես ունեն առաջնահերթ նշանակություն մեզ համար։ Այս խորհուրդները նաև կարևոր դեր ունեն պետություն-քաղհասարակություն կամուրջի ձևավորման հարցում»,- նշեց Մանասյանը։ 

Նա հավելեց, որ ՄԻՊ-ն ունենում է բազմաթիվ քննարկումներ պետական մարմինների ներգրավմամբ, որն արտահայտվում է տարբեր ձևաչափերով հաղորդակցությամբ և լսելի դարձնելով քաղհասարակության ձայնը՝ ՀԿ-ներին նույնպես դարձնում է որոշում կայացնելու գործընթացի մաս։

«Մենք շատ հետաքրքիր ուսումնասիրություն ենք անցկացրել, թե, օրինակ, ՀՀ ՏԻՄ-երում ինչ ներկայացվածություն ունեն կանայք և ազգային փոխրամասնությունների ներկայացուցիչները։ Պարզվեց, որ ՏԻՄ-երի ղեկավար պաշտոններում չափազանց քիչ են կանայք։ Այս պահին ունենք ընդամենը երեք կին ՏԻՄ ղեկավար, բայց նրանց գործունեությունը կարող է լավ մոդելային օրինակ ծառայել կանանց համար մարզային բնակավայրերում։ Մեծապես կարևորում ենք ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքներին առնչվող օրենսդրական կարգավորումները»,- ասաց Մանասյանը։

ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նշեց, որ մարդու իրավունքների բոլոր ոլորտներն ու ուղղությունները փոխկապակցված են միմյանց հետ, ինչը չափազանց կարևոր ուղերձ է, հետևաբար իսկապես անհրաժեշտ է ունենալ նմանատիպ քննարկումներ, որոնց ընթացքում կդիտարկվեն կանանց և փոքրամասնությունների իրավունքներին առնչվող բոլոր կողմերը։

«Նախորդ տարիներին մենք արդեն աջակցել ենք երկու քննարկման, որոնց ընթացքում մշակվել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենքի նախագիծ։ Այդ ընթացքում Եվրոպայի խորհուրդը որոշակի աջակցություն տրամադրեց՝ հատկապես Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաև այստեղ իրականացվող ծրագրի միջոցով, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ, ինչպես նաև տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի մասնակցությամբ կազմակերպվեն քննարկումներ։ Մեծ անհամբերությամբ ենք սպասում օրենսդրական այս նախագծի՝ ի վերջո խորհրդարան հասնելուն։ Հուսով ենք, որ Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկությունները հաշվի կառնվեն, և որ այս օրենքը կընդունվի ու լիարժեք կիրականացվի՝ ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլև բոլորի շահերից ելնելով։ Այդ օրենսդրությունը շահեկան է ամբողջ երկրի համար»,- ասաց Լոնգանգեն։

Նա հավելեց, որ ներկայումս Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում կանանց իրավունքներին առնչվող խնդիրներին, մասնավորապես ընտանեկան բռնության հետ կապված հարցերը։ Թեման ՀՀ-ում լուրջ հնչեղություն է ստացել, ինչը ԵԽ-ն իսկապես ողջունում է։ Ըստ նրա՝ խոսքը մասնակցության, ավելի ճիշտ՝ մասնակցությունից մինչև հավասարաչափ ներգրավվածություն անցման մասին է։ լոնգանգեի կարծիքով՝ հավասարաչափ ներգրավվածությունն առանցքային սկզբունք հռչակելը հեշտ է, սակայն գործնականում դրան հասնելն ու իրականացնելն ավելի բարդ է։

«Հուսով եմ, որ նմանատիպ քննարկումները կոգեշնչեն նաև այլ կանանց, ովքեր ցանկանում են ներգրավվել որոշումների կայացման գործընթացում՝ ոչ միայն քաղաքականության, այլև, ընդհանրապես, որոշումների կայացման ոլորտում։ Մեր գենդերային հավասարության ռազմավարությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունները, մասնավորապես՝ Հայաստանի վերաբերյալ հինգերորդ կարծիքը, Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, Ռասիզմի դեմ Եվրոպական հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության առաջարկությունը լրացուցիչ չափանիշներ։ Այս ամենը, կարծում եմ, կազմում է չափանիշների զգալի ամբողջություն»,- նշեց Լոնգանգեն։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Ստերբան իր հերթին նշեց, որ վերջին ամիսներն ու անցած տարին չափազանց տպավորիչ էին այն առումով, թե ինչպես Հայաստանը մերձեցավ Եվրոպային և ինչպես կառուցեց հարաբերությունները Եվրոպական միության հետ, իսկ ԵՄ-ն ինչպես համագործակցեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը գործնական հարթություն տեղափոխելու հարցում։

«Մենք համատեղ աշխատում ենք՝ աջակցելու հայկական բիզնեսին և խթանելու Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ։ Վերջին տվյալները, փաստացի, ցույց են տալիս, որ վերջին շրջանում Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ զգալիորեն աճել է, և այսօր ԵՄ-ն Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Նախկինում մենք երրորդ, չորրորդ կամ հինգերորդ տեղում էինք։ Մենք եռանդուն կերպով աշխատում ենք բոլոր գործընկերների՝ ԵՄ անդամ պետությունների հետ՝ հայաստանցիների համար վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի հաճախ այցելել ԵՄ երկրներ»,- նշեց Ստերբան։

Նրա հավաստմամբ՝ մարդու իրավունքների, հավասարության, սոցիալական ներառականության խթանման և խտրականության բացառման վրա կենտրոնանալը եվրոպական ինտեգրման հիմնական կորիզն է։

«Երբ այժմ քննարկում ենք Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով տեխնիկական աջակցության հերթական փաթեթը, դրա կազմում առկա է շատ կարևոր բաղադրիչ, որն ուղղված է խոցելի խմբերին կամ այն ​​խմբերին, որոնք այլ պարագայում կարող էին խտրականության բախվել։ Նույնը վերաբերում է նաև Կառավարությանը տրամադրվելիք ապագա ողջ աջակցությանը՝ կապված սոցիալական պաշտպանության ծրագրերի և խոցելի խմբերի պաշտպանության հետ։ Եվրոպայի խորհուրդն ավելի հին կառույց է, քան Եվրոպական միությունը, ուստի նրանց փորձառությունն ու անցած ուղին տպավորիչ են, և նրանք մեծ ուրախությամբ են համագործակցում Հայաստանի քաղհասարակության հետ՝ երկարաժամկետ հեռանկարում»,- ասաց Ստերբան։

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հասարակական-քաղաքական կյանքում և որոշումների կայացման գործընթացներում կանանց արդյունավետ և իմաստալից մասնակցության ամրապնդմանը միտված եվրոպական չափանիշներին և լավ փորձին, այդ թվում՝ առկա խոչընդոտների հաղթահարման և առավել ներառական ու ներկայացուցչական որոշումների կայացման խթանման միջոցներին։

Նիստ-համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց իրավունքներին, ինչպես նաև վաղ և հարկադիր ամուսնությունների և կրթությունից դուրս մնալու ռիսկերի նվազեցման ուղղությամբ համապարփակ միջոցներ ձեռնարկելու օրենսդրական և գործնական հիմնական ուղղություններին:  

Արմեն Նավասարդյան, Անահիտ Մանասյան, Աննա Վարդապետյան, Ռուստամ Բաքոյան, Գայանե Աբրահամյան, Արա Ղազարյան

Անահիտ Մանասյան

Աննա Վարդապետյան, Մաքսիմ Լոնգանգեն

Անահիտ Մանասյան, Աննա Վարդապետյան

Ռուստամ Բաքոյան, Գայանե Աբրահամյան, Արա Ղազարյան

Արմեն Նավասարդյան, Անահիտ Մանասյան, Աննա Վարդապետյան, Ռուստամ Բաքոյան, Գայանե Աբրահամյան, Արա Ղազարյան

Արմեն Նավասարդյան, Անահիտ Մանասյան, Աննա Վարդապետյան

Հայերեն English

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

ԱՀԿ-ն կարծում է, որ Կոնգոյում էբոլայի համաճարակի բռնկման առավելակետը դեռ չի անցել

Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր

Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Եվրախորհրդարանը լիագումար նիստում հավանություն տվեց Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Ուկրաինան ողջունում է էներգետիկ հրադադարին ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ