Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:

«Արմենպրես»-ին ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:

Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

Այցի շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին ներգրավվել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:

Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։

Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ:

ՄԻՊ-ն իրազեկում է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096 116 100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ անձամբ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (ք. Երևան, Պուշկինի 56Ա) կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում