Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները
2 րոպեի ընթերցում
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված կոչը՝ դադարեցնել հարձակումները Ռուսաստանի դիզելի արտադրության գործարանների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարելի է միայն ողջունել Կիևի վարչակարգին ուղղված ցանկացած կոչ՝ դադարեցնելու հարվածները խաղաղ տնտեսական ենթակառուցվածքին», - հայտարարել է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ նավթի համաշխարհային շուկաներում իրավիճակը վատթարանում է, և դա կապված է հիմնականում Պարսից ծոցում իրադարձությունների և ռուսական նավթի գնման արգելքի հետ: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ նավթամթերքի արտահանումն արգելելու մասին Ռուսաստանի իշխանությունների որոշումը գործում է, և դրա նպատակն է ապահովել երկրի ներքին շուկան:
«Ինչ վերաբերում է մեր մատակարարումներին, ապա Ռուսաստանն իսկապես արգելք է սահմանել նավթամթերքի արտահանման վերաբերյալ. այդ արգելքը գործում է, այն ուղղված է առաջին հերթին ներքին շուկան հագեցնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը», - նշել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հավելել է՝ ռուսական նավթամթերքի արտահանման արգելքի չեղարկման հարցն օրակարգում կդրվի միայն ներքին շուկայի պահանջների բավարարման դեպքում, և այդ ժամանակ նավթամթերքի լրացուցիչ քանակը կուղղվի համաշխարհային շուկաներ:
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն կոչ էր արել դադարեցնել Ռուսաստանի դիզելի արտադրության գործարանների վրա հարձակումները՝ նշելով, որ դրանք հանգեցնում են աշխարհում դիզելի պակասի: «Կան բազմաթիվ այլ թիրախներ», - նշել էր Թրամփը: Նրա խոսքով՝ դիզելային վառելիքի պակասի գլխավոր պատճառն ուկրաինական հարվածներն են, ոչ թե Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: