Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
2 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի վարչապետ, թագաժառանգ Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդը սեպտեմբերի 14-ին Ջիդդայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը (SPA)։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, լարվածության թուլացմանն ու անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
Սաուդյան Արաբիան ակտիվացրել է Եմենի ուղղությամբ իրականացվող ավիահարվածներն այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ» շարժման հութիները առաջխաղացում են գրանցել Եմենում՝ իրենց վերահսկողության տակ առնելով Կարմիր ծովի ափամերձ հատվածը, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նշանակություն ունեցող նավագնացության ուղին։
Հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ երեք աղբյուր Reuters-ին հայտնել էին, որ թագաժառանգը ռազմական աջակցություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ հութիների դեմ պայքարում։ Աղբյուրները հավելել են, որ Թրամփը չի համաձայնել խմբավորման դեմ ԱՄՆ-ի հարվածներին, սակայն Վաշինգտոնը տեղեկացրել է Ռիադին, որ կտրամադրի հետախուզական տվյալներ և աջակցություն՝ թիրախների հստակեցման հարցում։