«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է
8 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցումային վերջին օրը եզրափակվեց մայրաքաղաք Երևանում կայացած մրցավազքով, որի մեկնարկն ու եզրափագիծը Հանրապետության հրապարակում էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի շրջափուլին, որը 9.4 կմ երկարությամբ էր ու ուներ 10 շրջան, հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու այլոք:
««Առաջին մրցաշար» արտահայտությունն արդեն գալիս է հուշելու, որ հաջորդիվ մեզ սպասում է երկրորդ, երրորդ, չորրորդ, և հույս ունենք, շարունակական մրցաշարեր: Պիտի ասեմ, որ սա, իսկապես, նոր փորձառություն է Հայաստանի Հանրապետության համար: Նոր փորձառություն է՝ բոլոր իմաստներով: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում այս կարգի միջազգային հեծանվային մրցաշար անցկացված լիներ առնվազն՝ անկախությունից ի վեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքում վարչապետը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, ովքեր արձագանքել են Հայաստանի հետաքրքրությանը և ամեն ջանք գործադրել, որպեսզի մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպվի: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել, որպեսզի մրցաշարն անցնի պատշաճ մակարդակով:
«Իհարկե, այս մրցաշարը, որը միջազգային շուրջ տասնյակ հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակվել, միանշանակ բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը և անկասկած, մեծ հետաքրքրություն է առաջացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն այսօր էլ տուրիստական շատ մեծ հոսքեր ունի: Ես համոզված եմ, որ այս մրցաշարն ավելի կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև առողջ ապրելակերպի, էկո տրանսպորտի և հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրության մեծացումը՝ որպես հաջորդ նպատակ. «Ես համոզված եմ՝ մեր բազմաթիվ երեխաներ այսօր մեծ հիացմունքով էին հետևում երեկ, նախորդ օրերին մեր հեծանվորդներին»:
Անդրադառնալով Հայաստանի միջազգային կապերին և գործընկերությանը՝ վարչապետը նշեց. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»:
«Այս մրցաշարը և մրցաշարի շարունակելիության վերաբերյալ մեր որոշումը նաև Հայաստանում հեծանվային պրոֆեսիոնալ սպորտի և սիրողական սպորտի զարգացման մի նոր խթան կտա»,-իր խոսքում նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ինչպես նաև գլխավոր մրցանակը ստացած մարզիկին և նշել. «Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի բարձր մակարդակով, ավելի բարձր տրամադրությամբ և ավելի մեծ նվաճումներով մենք կամփոփենք «Tour of Armenia» հեծանվային պրոֆեսիոնալ մրցաշարը»։
Ինչպես նախորդ մրցափուլերում, այդպես էլ Երևանի մրցավազքի հիմնական ֆավորիտները իտալական ակումբների ներկայացուցիչներն էին:
Մրցումային 4-րդ օրվա հաղթող ճանաչվեց Միշելե Գազոլին Իտալիայից, նրան պարգևատրեց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը։
Լեռնային դասակարգման առաջատար («լեռների արքա») անվանակարգում հաղթեց և կապույտ մարզաշապիկին արժանացավ Լեոնարդո Վեսկոն (Իտալիա)։ Նրան պարգևատրեց RC Sports & Events ընկերության գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։
Լավագույն երիտասարդ հեծանվորդ անվանակարգում հաղթեց և սպիտակ մարզաշապիկին արժանացավ Քևին Բիելը (Դանիա)։ Նրան պարգևատրեց Օլիմպիական չեմպիոն, իսպանացի նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամուել Սանչեսը։
Մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը։ Թիմին պարգևատրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր ճանաչվեց Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը։ Նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր դարձավ Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը։ Նրան պարգևատրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է «Ukyo» թիմը: Նրան պարգևատրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իտալացի հեծանվորդն արժանացավ նաև «Tour of Armenia»-ի հաղթողի կոչմանը: Մրցանակը կրկին հանձնեց Նիկոլ Փաշինյանը:
Հեծանվավազքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից: Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Առաջին օրը ATT Investments թիմի հեծանվորդ Միխալ Պոմորսկին առաջինն է հատել եզրագիծը (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող:
Հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։ Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։
Երրորդ՝ Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ մրցափուլում հաղթանակ է տարել «Netcompany Ineos Racing Academy» թիմի ներկայացուցիչ Մաքս Հայնդսը՝ 162 կմ մրցատարածությունը՝ հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ և վաստակելով 12 վայրկյան բոնուսային ժամանակ: Երրորդ մրցափուլի ընդհանուր վերելքը կազմել է 1700 մետր: Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի,Կոտայքի և Տավուշի մարզերով։
Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները ստացել են «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Մասնակից 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օրերի ընթացքում հեծանվորդներն ընդհանուր առմամբ ավելի քան 500 կմ ճանապարհ են անցել: