4 րոպեի ընթերցում
«Ճերմակ շապիկ» Ֆիլմը, որն անդրադառնում է հոգեկան առողջության թեմային, շեշտադրում մարդկային բարձր արժեքների, սխալների և դրանց վերաիմաստավորման կարևորությունը, արդեն երևանյան մեծ էկրաններին է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին «Սինեմա սթար»-ում։
Ֆիլմում նկարահանվել են Մերի Քոչարյանը, Թելման Խաչատրյանը, Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ալեքսանյանը և այլք: Գլխավոր պրոդյուսերը Կարո Նաղդալյանն է, ռեժիսորը՝ Պետրոս Հովհաննիսյանը, սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։
Ֆիլմի առանցքային հերոսներից մեկին՝ Սալիին մարմնավորում է երիտասարդ, նրբագեղ դերասանուհի Մերի Քոչարյանը։ Դերասանուհին առաջին անգամ է նկարահանվում գեղարվեստական կինոնկարում։ Խոստովանեց՝ Սալիին կերտելը բավականին բարդ է եղել, քանի որ Սալին սովորական աղջիկ չէ. դժվար է եղել հասկանալ նրան, նրա հոգեբանությունը, ներաշխարհը։
Սալիին առավել լավ ընկալելու, նրան «մոտենալու» նպատակով Մերի Քոչարյանը կերպարի խնդրի վերաբերյալ մի շարք վավերագրական նյութերի է ծանոթացել, փորձել հասկանալ թե նման հոգեբանական խնդիրներ ունեցող մարդն ինչպե՞ս է արձագանքում աշխարհին, ի՞նչ դրսևորումներ է ունենում։
«Լարված եմ, հույզերս շատ են։ Յուրաքանչյուրս մեծ աշխատանք է կատարել, որպեսզի մարդիկ գնահատեն ֆիլմը։ Կարծում եմ՝ հետաքրքիր սցենար է, տարբերվող կինոնկար է։ Նոր որակ ենք բերել հայկական շուկա։ Մեծ պատասխանատվություն էր այս ֆիլմում խաղալը, քանի որ քսաներկու տարեկան եմ և արդեն նման մասշտաբի գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվում։ Հուսամ՝ աշխատանքս կգնահատվի»,-ընդգծեց նա։
Երիտասարդ դերասան Թելման Խաչատրյանը, որը մարմնավորում է Մարկին, առաջին անգամ չէ համագործակցում ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ։ Նրան հնարավոր է տեսնել նաև «84-ի ամառը» ֆիլմում, որը ևս հետաքրքիր է։ Թելմանի համար միշտ հաճելի է աշխատել Պետրոս Հովհաննիսյանի հետ, քանի որ հագեցած ու բովանդակալից ֆիլմեր են ստեղծվում։
Նա կարծում է՝ պետք է դիտել «Ճերմակ շապիկ»-ը, սիրել այն և բարություն տարածել։ «Բարդ է ասել, թե ինչ տվեց ինձ ֆիլմը, որովհետև մի աշխատանք ես կատարում, որի արդյունքը երկար ժամանակ չես տեսնում։ Ամիսներ անց տեսնում ես ու հասկանում, թե իրականում ինչ փորձառություն էր դա»,-նշեց դերասանը։
Պետրոս Հովհաննիսյանի խոսքով՝ մեծ դժվարությամբ են իրականացրել դերասանների քասթինգը և ուրախ են, որ ճիշտ ընտրություն են կատարել։ «Սա հոգեբանական ֆիլմ է։ Առաջին անգամ էի աշխատում նման ֆիլմի շուրջ և բարդ էր անդրադառնալ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց։ Դրա համար պետք է ուսումնասիրել այդ ոլորտը։ Պատմությունը հավանել եմ, ինտուիցիայով ընտրել եմ դերասաններին, ինտուիցիայով նկարահանել եմ ֆիլմն ու փորձել եմ տարբեր հույզեր փոխանցել։ Հուսամ՝ ստացվել է»,-ասաց ռեժիսորը։
Ֆիլմ նկարահանելիս նրա համար շատ կարևոր են թեման, նյութը, այդ ամենն իրենը դարձնելն ու զարգացնելը։ «Այս ֆիլմով ցանկացել եմ շատ հույզեր փոխանցել, ներկայացնել էմոցիոնալ պատմություն։ Ամեն բան այստեղ շատ զգայական է»,-շեշտեց ռեժիսորը։
«Ճերմակ շապիկ»-ը մելոդրաման, որը MONK3 Production-ի առաջին գեղարվեստական ֆիլմն է, պատմություն է սիրո, ազատության և ծանր մեղքի գնի մասին. մեկ ճակատագրական գիշերը փոխում է ամեն ինչ։
Գործարարի որդի Մարկը, պատժից փրկվելու համար, հայտնվում է մի վայրում, որտեղ իրականությունն ու պատրանքը միախառնվում են։ Այնտեղ նա հանդիպում է Սալլիին՝ մի աղջկա, որին աշխարհը վաղուց մոռացել է։ Նրանց փախուստը դառնում է պայքար ոչ միայն ազատության, այլև սեփական արժեքները գտնելու համար։