Մարզեր

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

6 րոպեի ընթերցում

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակից սեպտեմբերի 10-ին տրվեց «UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հեծանվավազքի միջազգային մրցաշարի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։

Մինչ մրցաշարի մեկնարկը կազմակերպիչները ներկայացրին մասնակից 16 թիմի 96 ներկայացուցչին, ովքեր սեպտեմբերի 11-13-ը հեծանիվներով կհաղթահարեն շուրջ 500 կմ ճանապարհ։  

Մրցաշարի կարևորության ու միջազգային նշանակության մասին տպավորություններով կիսվեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Սա պատմական օր է Հայաստանի համար, քանի որ կարողացանք կյանքի կոչել այս մեծ նախագիծը, որի իրականացմանը մենք նախապատրաստվել ենք երկու տարի, և այսօր մենք հյուրընկալում ենք միջազգային հեծանվավազքի հեղինակավոր մրցաշար, որին մասնակցում է աշխարհի տարբեր երկրների 16 թիմ, այդ  թվում՝ նաև Հայաստանի թիմը։ Հեծանվորդները 4 օր տևողությամբ Հայաստանում պետք է անցնեն 500 կիլոմետր ճանապարհ։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի ճանապարհների վիճակն այնքան բարվոք է, որ մենք կարողանում ենք միջազգային մրցաշար ընդունել։ Եվ մենք սրանով շատ կարևոր քայլ ենք անում հեծանվային սպորտի զարգացման գործում, որի արդյունքները  կտեսնենք ամեն տարի։ Մրցաշարի մեկնարկին ու ընթացքին հետևելու են աշխարհի բոլոր երկրները, քանի որ միջազգային այն հարթակները, որոնց հետ մենք պայմանավորվել ենք մրցաշարի լուսաբանման  ուղղությամբ, հեռարձակվում են բոլոր մայրցամաքներում։ Սրանով մենք տեսանելի ենք դարձնում ոչ միայն հեծանվային սպորտի զարգացման մեր հնարավորությունները, այլ նաև աշխարհով մեկ հանրահռչակում ենք մեր երկիրը, մեր պատմամշակութային ժառանգությունը,  համայնքները, բնապատկերները, մարդկանց։ Սա ռազմավարական կարևոր քայլ է, ու ես հուսով եմ, որ չորս օր անց, մրցաշարի ամփոփումից հետո, մենք կունենանք գոհացուցիչ արդյունքներ ու բավարար փորձ ու գիտելիքներ՝ այն ամենամյա դարձնելու համար։

Մրցաշարի հանդեպ կար մեծ հետաքրքրություն Ճապոնիայից, Ղազախստանից, եվրոպական մի շարք երկրներից։ Կարևոր է և այն, որ մենք ամբողջ նախագիծն իրականացրել ենք միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության հետ միասին, և նրանց ուղեկցությունն առանցքային է։ Այսօր էլ տեսաք, որ միջազգային այս մրցաշարը սպասարկող մեծ անձնակազմ կա, որը հավաստագրված է՝ նման հեղինակավոր մրցաշար սպասարկելու համար։ Կարելի է վստահ լինել, որ այս մրցաշարի մեկնարկով  ու ընթացքով մեր երկիրը ևս մեկ հաջողություն գրանցեց իր սպորտային պատմության մեջ։ Այս մրցաշարի անցկացման արդյունքում Գեղարքունիքի մարզի մեծ մասն էլ է հայտնվում  միջազգային տեսանելիության ներքո, Սևանա լճի համար էլ միջազգային հանրահռչակման հերթական հնարավորությունն է ստեղծվում»,-ներկայացրեց նախարարը։       

Մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Հեծանվավազքի մեկնարկը տրվեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից՝ Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, այնուհետև՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ-7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ  ավարտվում է երթուղու տվյալ փուլը։

Սեպտեմբերի 11-ին մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Սեպտեմբերի 12-ին մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։ Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց`Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։ Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։ Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։ Սեպտեմբերի 13-ին մրցաշարը կշարունակվի մայրաքաղաքում՝ 110 կմ երկարությամբ ու 10 շրջապտույտով։

Սեպտեմբերի 12-13-ը միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում