Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը։

«Արմենպրես» - ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում են ՀՀ դպրոցների ուժեղ և թույլ կողմերը։

Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը

PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն են արձանագրելու արդյունքները և խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։

Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը.

Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

  • հարմարվողականությունը՝ 9 միավոր,
  • նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,
  • դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,
  • դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,
  • զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,
  • ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,
  • դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:

Ըստ հաղորդագրության՝ այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։

Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։

Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։

Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։

Հայերեն English