Տնտեսություն

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ կարևորելով ուղիղ կապերի և մասնագիտական փոխանակումների ընդլայնումը։

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցությանը։ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Քննարկվել են նաև «Երևանյան երկխոսության» և լեհական գործընկեր կառույցների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է Կազիմիր Պուլասկու հիմնադրամի հետ համագործակցության շարունակական զարգացումը, ինչպես նաև «Վարշավայի անվտանգության ֆորումի» հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ավարտին Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների դիվանագիտական ակադեմիաների միջև դիվանագիտական վերապատրաստումների և կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում