Միացյալ Նահանգներ

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

2 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունը կնշանակի, որ ամերիկացիները «կկորցնեն իրենց սահմանը, հարկային կրճատումները, անվտանգությունն ու ապահովությունը»։

«Դուք դժոխքի միջով եք անցնելու, ինչպես անցաք ընդամենը երկու տարի առաջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը՝ հավելելով, որ նախկինում ԱՄՆ-ը «աշխարհի ծաղրի առարկան էր», ինչն այժմ փոխվել է։

Նա նշել է, որ պատրաստվում է այցելել այն բոլոր նահանգները, որտեղ ընտրություններ են անցկացվելու, և քարոզարշավ իրականացնել Կոնգրեսի ներկայացուցիչների ու սենատորների օգտին։

«Մենք կարող ենք հաղթել այդ բոլոր ընտրություններում, ես գնալու եմ այդ բոլոր նահանգներ», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ տարբեր նահանգներում հանրահավաքներ կանցկացվեն։

Նա հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցությունն առաջիկա միջանկյալ ընտրություններում հաղթի Կոնգրեսի երկու պալատներում, ինքն ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարի 5000 դոլար։

«Եթե Հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատում և ԱՄՆ Սենատում, մեր հսկայական տնտեսական հաջողության շնորհիվ... ես Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5000 դոլարի չափով դիվիդենտ կվճարեմ», - ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչ ձևով է հնարավոր նման կերպ վճարում կատարելը։

ԱՄՆ նախագահը հերթական անգամ քննադատել է Դեմոկրատական կուսակցության իշխանության ժամանակ վարած քաղաքականությունը, այդ թվում՝ ներգաղթի հարցում։ «Նրանք մեզ թողեցին Ամերիկայի պատմության ամենավատ և ամենավտանգավոր սահմանը», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ն ունի «երկրի պատմության ամենաուժեղ և ամենաապահով սահմանը»։ «Կարծես մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում՝ համեմատած երկու տարի առաջվա հետ», - ասել է նա։

Թրամփը իր նախորդներին մեղադրել է «տրիլիոնավոր դոլարների անիմաստ ծախսերի և կանաչ էներգիայի խարդախությունների» համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում