Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շարունակման շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունից և ընդհանուր տրամաբանությունից շեղում լինի, երբ գետնի վրա սկսի իրականացվել ԹՐԻՓՓ նախագիծը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարգիս Խանդանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մեկնաբանություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Հայաստանի հետ սահմանազատման գործընթացին՝ հիշեցնելով, որ կողմերը պայմանավորվել են սահմանազատումը շարունակել հյուսիսից և գնալ դեպի հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանի հատման կետից։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այդ պայմանավորվածությունը ձեռք էին բերել 2025 թվականի հունվարից։
Անդրադառնալով Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ Խանդանյանը շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց էին պայմանավորվել, որ սահմանազատումը շարունակելու են հյուսիսից հարավ ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հատման կետից։
«Երբ ԹՐԻՓՓ նախագիծը սկսի գետնի վրա իրագործվել, հավանականություն կա, որ մասնակի սահմանազատման աշխատանքներ կիրականացվեն այն հատվածներում, որտեղով, օրինակ, պետք է երկաթուղին անցնի, կամ այն հատվածներում, որտեղով պետք է նավթամուղերը, գազամուղերը անցկացվեն։ Հնարավոր է՝ տրամաբանության որոշակի շեղում լինի»,-նշել է նա։