Երևան

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

4 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող 20 նոր սանմաքրման փոշեկուլ է ձեռք բերել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք գնել ենք էլեկտրական սանմաքրման 20 տեխնիկա, որն իրականացնում է ավտոմատացված մաքրման աշխատանք։ Կարծում եմ՝ սա լինելու է մեր առաջին խմբաքանակը։ Շատ պարզ համակարգ է, բայց մյուս կողմից՝ բավականին արդյունավետ և ունի երկու հիմնական ֆունկցիա՝ փոշեկուլի ֆունկցիա և ջրով մաքրման հնարավորություն։

Կարծում եմ, որ սա լինելու է առաջին խմբաքանակը, որը մեր սանմաքրման աշխատակիցներն արդեն այս տարվանից սկսելու են օգտագործել, և արդյունավետությունը վերջնականապես հասկանալուց հետո մենք կշարունակենք այս տեսակի սարքավորումների համալրումը։

Օգտագործման տեսանկյունից այն բավականին պարզ է: Նույնիսկ հենց այսօր մենք փորձարկեցինք և հասկացանք, որ արագ և հեշտ կարելի է հասկանալ՝ ինչպես է աշխատում և տեղաշարժվում սարքը»,-ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ այս մեկ սարքը մոտավորապես արժեցել է 10 միլիոն 900 հազար դրամ, որն, ըստ քաղաքապետի, նման սարքավորման համար բավականին խելամիտ գին է։

Հարցին՝ փոշեկուլները նախատեսված են հիմնականում տերևնե՞ր, թե՞ նաև այլ աղբ մաքրելու համար, քաղաքապետը պատասխանեց, որ փոշեկուլները նախատեսված են բոլոր տեսակի մանր աղբը մաքրելու համար։

«Այս սարքավորումները նախատեսված են այն հատվածների համար, որոնք ավելի դժվար անցանելի են մեր մյուս տեխնիկաների համար, օրինակ՝ նույն Karcher փոշեկուլների և Karcher մեքենաների համար։ Միանշանակ, մենք ծրագրում ենք, այսպես ասած, փորձնական խմբաքանակը փորձարկելուց հետո համալրել ավելի մեծ քանակով՝ բոլոր վարչական շրջաններում»,-ավելացրեց Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով Երևանում աղբի կառավարման խնդրին և  նոր սանիտարական աղբավայրի կառուցման գործընթացին, քաղաքապետը պատասխանեց, որ արդեն ունեն հաղթող ընկերություն, որը կոնսորցիում է՝ չինական և արաբական ընկերությունների, որոնք իրականացրել են նմանատիպ աղբի վերամշակման գործարանի նախագծեր տարբեր քաղաքներում և բավականին խոշոր գործարաններ են կառուցել։

«Հիմա այս հաղթող ընկերության հետ մենք պետք է քննարկենք բուն պայմանագրի առարկան, համաձայնագրերը։ Այդտեղ շատ դետալներ կան։ Մենք չենք ուզում շտապել ուղղակի հայտարարություններ անելու և ուզում ենք ունենալ վերջնական արդյունք, համոզված լինել, որ այս ամբողջ գործընթացը լինելու է և հանգելու է վերջնական գործարանի կառուցման։ Նոր մանրամասները կհայտնենք»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց նաև, որ ամբողջ աղբն այս պահին տեղափոխվում է մեկ վայր՝ Նուբարաշենի աղբավայր, որտեղ նախորդ տարի իրականացվել են ֆունդամենտալ փոփոխություններ։ Հրդեհների այն վտանգը, որ կար նախկինում, էականորեն նվազել է։ «Սա չի նշանակում, որ բացառվում է, որ լինեն հրդեհներ, բայց ես վստահ կարող եմ ասել, որ այն ռիսկը, որը կար նախկինում, և այն հաճախականությունը հրդեհների, որ ունեինք Նուբարաշենի աղբավայրում, այլևս այդ հաճախականությամբ չի կարող կրկնվել»,-հավելեց Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում