2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ Կանադայից մոտոցիկլետների, կաթնային շիճուկի, սև ռուփի, ոչ ալկոհոլային գարեջրի և մի շարք ոգելից խմիչքների ներմուծման արգելքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
«Այս հայտարարության հավելվածում նշված կանադական որոշակի ապրանքներ ենթակա չեն Միացյալ Նահանգներ ներմուծման՝ 2026 թ. սեպտեմբերի 29-ի արևելյան ժամանակով 00:01-ից սկսած», - ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում։
Բացի վերոնշյալ ապրանքներից, էմբարգոն տարածվում է նաև գարեջրի, խնձորի գինու, գինիների և այլ ոգելից խմիչքների վրա։
Բացի այդ, սեպտեմբերի 15-ից ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ 50-տոկոս մաքսատուրքեր է սահմանում Կանադայից ներմուծվող պանրի, պողպատի, ալյումինի, թղթի, կահույքի, լամպերի և այլ ապրանքների նկատմամբ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ այս քայլն ուղղակի պատասխան էր Կանադայի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Սեպտեմբերի 8-ին Կանադայում ուժի մեջ են մտել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ 15%, 25% և 50% մաքսատուրքերը, որոնք սահմանվել են՝ ի պատասխան օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից կանադական 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերի։
Սեպտեմբերի 8-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահը նաև Truth Social-ում գրառման մեջ հայտնել էր, որ հրահանգել է կանադական ապրանքները բացառել պետական գնումների ամերիկյան համակարգից։ Նա հավելել է, որ այս գնումներին բաժին է ընկնում տարեկան ավելի քան 50 միլիարդ դոլար։