Թեհրանը հարվածել է Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի և Հորմուզի նեղուցում նավերի՝ ի պատասխան իրանական լցանավերի խորտակման
3 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել։ ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ խորտակել է իրանական նավթատար լցանավեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին ոչնչացրել է իրանական 5 լցանավ այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է ամերիկյան ռազմածովային ուժերի ռազմանավը։ Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմանավը խուսափել է հարվածներից և շարունակել պարեկությունը տարածաշրջանային ջրերում։
Հրամանատարությունը նշում է, որ Օմանի ծոցում ոչնչացվել է ԻՊՀԿ-ի չորս նավթատար լցանավ, ինչպես նաև մեկ նավ՝ Խարգ կղզու մոտ։ Հարվածներից առաջ ամերիկյան ուժերն անձնակազմերին հրահանգել են լքել նավերը։
Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Հորդանանի ալ- Ազրաք քաղաքի մոտ գտնվող ռազմաբազային, որն օգտագործվում է ամերիկյան ուժերի կողմից։
Իրանը հայտարարել է, որ պատճառվել է մեծ վնաս, սակայն ըստ Reuters գործակալության՝ Հորդանանի իշխանությունները հայտնել են, որ ՀՕՊ համակարգերը խոցել են իրանական 20 հրթիռներից 18-ը. երկուսն ընկել են չբնակեցված վայրերում, տուժածներ չկան։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հարվածել է 10 նավի, այդ թվում՝ 2 ամերիկյան նավի և 8 նավթատար լցանավի, որոնք փորձում էին անցնել Հորմուզի նեղուցի «արգելված և ոչ անվտանգ» հատվածով։
Ըստ իրանական պետական ԶԼՄ-ների՝ Թեհրանը նաև սպառնացել է Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող լցանավերին։
Կողմերը հունիսին կնքել էին փոխըմբռնման հուշագիր, որը հուլիսին խախտվել էր։ Մինչև հուլիսի վերջ փոխադարձ հարվածները շարունակվել էին, այնուհետև՝ մեկ ամսով դադարել։ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» գործողության մեկնարկի մասին՝ մեծացնելու տնտեսական ճնշումը երկրի վրա։ Այնուամենայնիվ, վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի անգամ հարվածներ են հասցրել իրար։