Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ, թևավոր, հականավային հրթիռներ, ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսները միտումնավոր փորձել են հնարավորինս շատ վնասել մարդկանց։ Կիևում բնակելի շենքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, 2 մարդ զոհվել է, 10՝ վիրավորվել։ 13 մարդու հաջողվել է փրկել։

Նախագահը նաև նշել է, որ Կիևի մարզում թիրախավորվել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։

Զելենսկին տեղեկացրել է Խարկովում երկու վիրավորի և բնակարանային շենքի վնասվելու մասին։ Հարվածների են ենթարկվել նաև այլ մարզեր։

«Այսօր առավոտյան Սումիի մարզի երկաթուղային կայարանում հարձակման է ենթարկվել Կիև-Սումի գնացքի շոգեքարշը, սակայն զոհեր չկան։ Հարձակումներ են եղել նաև Զապորոժիեում և Դնեպրի մարզում», - նշել է նա։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ գիշերը հարվածներ են գրանցվել Կիևի յոթ շրջաններում, վնասվել են առնվազն 14 բարձրահարկ շենքեր, դպրոց, կլինիկա, սուպերմարկետ և բենզալցակայան։

Կիևի քաղաքային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել պատերազմական հանցագործության վերաբերյալ։

Հարվածի տակ է հայտնվել նաև Օդեսան։ Քաղաքի արվարձաններում գտնվող շուկային հարվածի հետևանքով կան տուժածներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Օդեսային հասցված հարվածները՝ նշելով, որ թիրախավորվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։

Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան երեք օրով փոխադարձաբար դադարեցրել էին մայրաքաղաքների ուղղությամբ հարձակումները՝ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև այցի ֆոնին։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի մարզերի և Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 384 անօդաչու թռչող սարք։

Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, վնասվել է մի քանի շենք։

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Բրյանսկում ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։

Հայերեն Русский

Իսլանդիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին Թրամփի գրառման պատճառով

Մամիկոն Ասլանյանն ու Մարիամ Պողոսյանն ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ

Արարատ Միրզոյանը Ռիգայում այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան

ԵԱՏՄ-Ինդոնեզիա ազատ առևտրի համաձայնագրով հայկական մի շարք ապրանքների մաքսատուրքերը կնվազեն կամ կզրոյացվեն

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները