Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին
1 րոպեի ընթերցում
Ամերիկացի բանակցողները Կիևում ֆրանսիական կողմին հայտնել են, որ Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններից հետո Մոսկվան կարող է նոր պատրաստակամություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Monde-ն, այս մասին լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
«Ամերիկացիները մեզ Կիևում ասացին, որ Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից բանակցելու նոր պատրաստակամություն կա, և պետք է պատրաստվել բանակցությունների նոր մեկնարկին»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելուց հետո Կիևում բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։
ՌԴ Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-20-ը։ Կրեմլն իր հերթին չի բացառել Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա եռակողմ բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ հանդիպման ժամկետների և վայրի մասին խոսելը դեռ վաղ է։