3 րոպեի ընթերցում
Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են հասցրել իրար։ Ռուսաստանի պաշտպանության նախարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են երկու կառավարվող ավիառումբ և 498 ԱԹՍ:
ՌԴ Պերմ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի բարձրահարկ շենքի վերին հարկերին։ Հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Գործակալությունը նաև նշում է, որ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել Թաթարստանը։ Բեկորների անկման վայրում թեթև վնասվել են արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտներ։
Սեպտեմբերի 7-ի գիշերը թռիչքների սահմանափակումներ են մտցվել Թաթարստանի Նիժնեկամսկի (Բեգիշևո), Բուգուլմայի և Կազանի օդանավակայաններում։
Բելգորոդի մարզի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբն էլ հայտնել է, որ Գրայվորոնում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։
Սևաստոպոլի քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևն իր հերթին հայտնել է, որ քաղաքում գիշերային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։
BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերին, հաղորդում է, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին և սեպտեմբերի 7-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 92 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչով, ինչպես նաև Gerber անօդաչու թռչող սարքեր, Parodiya անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ և S8000 Banderol կառավարվող հրթիռներ։
Դոնեցկի մարզային դատախազության տվյալներով՝ սեպտեմբերի 7-ի առավոտյան ռուսական ուժերը չորս ավիահարված են հասցրել Կրամատորսկ քաղաքին, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս մարդ։ Դատախազությունը հավելել է, որ վնասվել են երեք բազմաբնակարան շենքեր և մեքենաներ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Օդեսայի մարզի վրա ռուսական հարձակումները հրդեհներ և ավերածություններ են առաջացրել երկու շրջաններում։
Չեռնիգովում էլ ռուսական գնդակոծության հետևանքով այրվում է British American Tobacco ընկերության գործարանը։