Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում
2 րոպեի ընթերցում
Գերմանական ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաջողությունը Սաքսոնիա-Անհալթ արևելյան երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններում հակասական արձագանքներ է առաջացրել հարևան երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Կարծես թե, նրանց ընդամենը մի քանի ձայն է պակասում բացարձակ մեծամասնությունից, բայց սա իսկապես մտահոգիչ նշան է», - սեպտեմբերի 7-ի առավոտյան Vox FM ռադիոկայանի եթերում ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Սեպտեմբերի 6-ի երեկոյան Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ «ցնցված» է Սաքսոնիա-Անհալթում կայացած ընտրությունների արդյունքներից:
Ֆրանսիայի կառավարության անդամները նույնպես մտահոգություն են հայտնել AfD-ի հաղթանակի առնչությամբ: Երկրի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրն այս հաջողությունը համարում է «շատ, շատ մտահոգիչ ազդանշան»։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենժամեն Հադդադը X-ում նշել է, որ սա «դժվար պահ է Եվրոպայի համար»։
Միևնույն ժամանակ Ավստրիայի, Չեխիայի և Հունգարիայի աջ պոպուլիստները ողջունել են AfD-ի հաղթանակը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ընտրություններում, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը շնորհավորել է կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, իսկ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ AfD-ի հաղթանակը «ստորացրեց» կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությանը:
Նախնական արդյունքների համաձայն՝ AfD-ն, որն արտահայտվում է ներգաղթի դեմ, համոզիչ հաղթանակ է տարել Սաքսոնիա-Անհալթում՝ հավաքելով ձայների 43,8%-ը։ Ուլրիխ Զիգմունդը տվյալ երկրամասում կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Երկրում իշխող Քրիստոնեադեմոկրատական միությունը (CDU), որի անդամ է երկրամասի ներկայիս վարչապետ Սվեն Շուլցեն, ստացել է ձայների 17,2%-ը՝ նախորդ ընտրություններում ստացած քվեներից գրեթե երկու անգամ պակաս։