ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

4 րոպեի ընթերցում

Վայոց ձորի բժշկական կենտրոնում՝ ի թիվս նմանատիպ սահմանամերձ այլ հաստատությունների, շուտով կգործի արտակարգ իրավիճակներում նախնական և անհետաձգելի օգնություն ցուցաբերող բաժանմունքը, որի վերանորոգումն ու վերազինումը 2025 թվականին իրականացվել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի բժշկական կենտրոնի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մաթևոսյանը նշեց, որ բաժանմունքի դրսի մուտքից կառուցվել են աստիճանասանդուղք և թեքահարթակ, որպեսզի հոսանքի անջատման դեպքում, երբ վերելակները չաշխատեն, պացիենտներին պատգարակներով հասցնեն տվյալ հատված։

«Նշված տարածքում կա տեսակավորման սենյակ՝ հիվանդությունների ու վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար, վիրահատարան, որտեղ տեղադրվելու են երկու վիրահատական սեղաններ անհրաժեշտ պարագաներով, վերակենդանացման բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են բուժօգնություն մատուցել վեց պացիենտների։ Մահճակալներն արդեն կան, պատվիրվել են նաև ներքնակները։ Շուտով կտեղադրվեն անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում՝ մամոգրաֆիայի և համակարգչային տոմոգրաֆիայի սարքերը՝ ապահովելով ամբողջական հագեցվածություն։ Բաժանմունքի հարևանությամբ կա նաև ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, որպեսզի առավել ծանր պացիենտներին ուղղաթիռով տեղափոխեն մայրաքաղաք Երևան։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հարկաբաժինը համապատասխանի բոլոր չափանիշներին»,- ասաց Մաթևոսյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ ԿԽՄԿ-ի հետ անցկացվել են վերապատրաստման վարժընթացներ, մոտ ապագայում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ վարժանք։ Վայոց ձորի բուժկենտրոնում կառուցվել է նաև 140 կիլովատ հզորությամբ արևային կայան, որն, անշուշտ, կօգնի հաստատության հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու առումով։ ԿԽՄԿ-ն հոգացել է նաև այդ կայանի կառուցման ֆինանսական ծախսերը՝ զգալիորեն թեթևացնելով ԲԿ-ի հոգսը։ Մաթևոսյանը հույս հայտնեց, որ հետագայում համագործակցությունը կշարունակվի։

ԿԽՄԿ-ի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ Վայոց ձորի բժշկական կենտրոնը սահմանամերձ վայրերում գործող բուժհաստատություններից մեկն է, որտեղ Կոմիտեի աջակցությամբ վերանորոգված և վերազինված հարկաբաժինը պետք է հնարավորինս շուտ գործի որպես անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ 

«Նման կենտրոններ գործում են Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Վայքում և Վարդենիսում, որոնք նույնպես ունեն վերանորոգված նմանատիպ բաժանմունք։ Մենք դրանց առկայությունը կարևորում ենք այն առումով, որ մեր աշխատանքի ուղղություններից մեկն ի սկզբանե եղել է արտակարգ իրավիճակներում բուժսպասարկման հասանելիության հնարավորությունների ստեղծմանն աջակցելը և դրա հետ կապված մեր ջանքերն ուղղորդել ենք հատկապես 2022 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության սրացումից հետո՝ որպես մեր աշխատանքի առաջնահերթություն։ Այդ տեսանկյունից բավականին լավ և կառուցողական համագործակցություն է ընթացել նախորդ մի քանի տարիների ընթացքում վերոհիշյալ բոլոր բուժկենտրոնների հետ։ Իրականացրել ենք նաև անձնակազմերի վերապատրաստում, քանզի նրանք համարվում են առաջին գծի բուժսպասարկողներ»,- նշեց Ամատունին։ 

Հայերեն Русский