ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 120 ԱԹՍ, իսկ Կիևը հարվածել է Սոչիում նավթի պահեստի
2 րոպեի ընթերցում
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա Խ-31Պ կառավարվող հրթիռով և «Շահեդ» դասի 121 գրոհային անօդաչու թռչող սարքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ ուժերը խոցել են 103 անօդաչու թռչող սարք, հարվածներ են գրանցվել 15 վայրում, իսկ բեկորներն ընկել են վեց վայրում։
Կիևի մարզը սեպտեմբերի 4-ի գիշերը կրկին հարձակման է ենթարկվել ռուսական ուժերի կողմից։ Սոֆիևսկա Բորշահիվկայում հարվածի հետևանքով վնասվել են պահեստներ:
Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքով «ոչնչացվել են երկու մասնավոր տուն, ոչ բնակելի շենք և մեկ տրանսպորտային միջոց»։ Ըստ տեղեկությունների՝ մեկ մարդ զոհվել է, առնվազն երեքը՝ վիրավորվել։
Բացի այդ, փրկարարները հայտնել են, որ Զապորոժիեի բարձրահարկ շենքի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կին է վիրավորվել, յոթերորդ հարկում գտնվող երկու բնակարան այրվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է Ուկրաինային հարվածների մասին՝ նշելով, որ սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը հարվածել են Կիևի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնի, ինչպես նաև Օդեսայի մարզի երկու նավահանգստի, որտեղ հարվածներ են հասցվել զենք տեղափոխող երկու բեռնատար նավի։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել Օդեսայի մարզի էլեկտրական ենթակայանը։
Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Ռուսաստանին։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները հայտնել են, որ Սոչիի և Սիրիուսի դաշնային տարածքի վրա ուկրաինական հարձակման հետևանքով նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։